News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում, ինչպես եւ աշխարհի շատ այլ երկրներում,  այսօր` մարտի 8-ին, նշում են կանանց միջազգային օրը։

Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնց բախվում են հայ կանայք իրենց կյանքի տարբեր փուլերում: Այսպես, առաջինը կանանց գործազրկության խնդիրն է, որի մակարդակը շատ բարձր է, երկրորդը`  կանանց համար աշխատատեղերի բացակայությունն է, հատկապես` մարզերում, այնուհետեւ` երեխաների խնամքի հետ կապված մասնագիտական հմտությունների կորուստը, աշխատանքային ծանր պայմանները, աշխատանքի ընդունման հարցում խտրական վերաբերմունքը:

Հայաստանում 2011թ. տնտեսապես ակտիվ բնակչության մեջ կանայք կազմում են շուրջ 47%, իսկ տղամարդիկ 53 %: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011թ.ընթացքում աշխատանքի են ընդունվել 6359 կին: Կանայք հիմնականում աշխատանքի են տեղավորվել  տնտեսության հետեւյալ ոլորտներում` արդյունաբերություն (19.2%), առեւտուր, հասարկական սնունդ (17.9%), բնակկոմունալ տնտեսություն (10.9%), կրթություն (4.7%), մշակույթ եւ արվեստ (1.2%). կացության եւ հանրային սննդի կազմակերպում(5.1%)  գյուղատնտեսություն (3.2%) եւ այլ ճյուղերում (37.8%):   «Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2012թ. հունվարի 1-ի   դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 81.7 հազար մարդ, որից 67.6%-ը կանայք են, իսկ գործազուրկների թվաքանակը կազմում է 69.4 հազ մարդ, որից 70.9 %-ը կանայք են: Գործազուրկ կանանց թվի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում քաղաքաբնակները` շուրջ 88.3%: Նրանց հիմնական մասը կենտրոնացած են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Վաղարշապատում: Նրանց փոխանցմամբ` աշխատանքի տեղավորման հարցում լուրջ դժվարություններ ունեն 45-50 եւ հատկապես 50-ից բարձր տարիքի կանայք, որոնք երկարատեւ գործազրկության հետեւանքով կորցրել են իրենց որակավորումը: Մրցունակությունը վերականգնելու համար նրանք կարիք ունեն մասնագիտական վերապատրաստման կամ որակավորման բարձրացման, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության: 

Նշենք, որ 20-րդ դարում կոմունիստ Կլարա Ցետկինի կողմից նախաձեռնված կանանց իրավունքների պաշտպանության այս օրն ակտիվորեն նշվել է ինչպես Խորհրդային Հայաստանում, այնպես էլ ԽՍՀՄ ողջ տարածքում։

Անկախության առաջին  տարիներին համաժողովրդական սիրելի տոնը համարվեց «սովետական» եւ փորձ արվեց վերացնել այն։ Սակայն արմատացած ավանդույթը՝ մարտի 8-ին ծաղիկներ եւ նվերներ տալ կանանց, ավելի ուժեղ գտնվեց եւ նշվեց մինչեւ այն  ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանը 2001 թվականին «վերակենդանացրեց» տոնը։ Այդ օրը կրկին ոչ աշխատանքային հռչակվեց։

NEWS.am-ի խմբագրակազմը տոնի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին, մաղթում առողջություն, երջանկություն, հաջողություն: Շնորհավոր մարտի 8, թող կանանց համար ամբողջ տարին տոն լինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ