News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` մարտի 12-ին, առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ում գլխավորած պատվիրակությունը գտնվում է Երեւանում` ՀԱՊԿ հայեցակարգային եւ ռազմավարական փաստաթղթերի նախագծերի քննարկման նպատակով:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՊԿ ներկայացուցիչների եւ Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության գործընթացում ներգրավված ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություններից հետո տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի համատեղ մամուլի ասուլիսը: 

«ՀԱՊԿ-ն զարգացում է ապրում եւ Հայաստանը, որպես ամենաակտիվ անդամներից մեկը, լայնորեն ներգրավված է այս գործընթացում: Մենք նպատակ ունենք ուժեղացնել ՀԱՊԿ-ի դերակատարությունը, որպես մեր երկրի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը: Մշակվում է ՀԱՊԿ-ի նոր ռազմավարություն, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գործունեության պլանավորման նոր հայեցակարգ, որը հնարավորություն կտա էլ ավելի մեծացնել միջազգային այս կազմակերպության դերը, կշիռը եւ նշանակությունը անդամ երկրների անվտանգության ապահովման տեսանկյունից: Առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը կներկայացվի այդ նոր ռազմավարությունը եւ պլանավորման նոր հայեցակարգը», - ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ի լրումն, ԱԱԽ քարտուղարը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ Երեւանում կանցկացվեն արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ընթացքում ի ցույց կդրվի զինված ուժերի, հատուկ ծառայությունների, արտակարգ իրավիճակների, ոստիկանական ստորաբաժանումների ողջ ներուժը եւ փոխհամագործակցության բարձր որակը ՀԱՊԿ յոթ պետությունների շրջանակներում:

Իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փաստել է, որ կազմակերպության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի անվտանգության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ` միեւնույն ժամանակ ընդգծելով մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակին համահունչ նոր ռազմավարության մշակման կարեւորությունը, որի վրա կհիմնվի ՀԱՊԿ-ի հետագա գործունեությունը:  

Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին երկիրն է, որտեղ կազմակերպվեցին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նոր ռազմավարության նախնական քննարկումները: Հայեցակարգային եւ ռազմավարական փաստաթղթերը կքննարկվեն նաեւ առաջիկայում կայանալիք կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի նիստերի ընթացքում եւ կներկայացվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ