News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզում Մոզրովի քարանձավում փլուզման պատճառը տեղացած առատ ձյունն էր, ու դրան հաջորդած հալոցքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով` տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է Վայոց Ձորի բնապահպանական տեսչությանը` պարզել իրավիճակը: Պարզվել է, որ փլուզվել է մուտքից մոտ 2-3 մետր հեռավորության վրա 50 խմ հողազանգված: Բնապահպանության նախարարի հանձնարարությամբ` քարանձավի մուտքի մոտ ցուցանակ է տեղադրվել` մարդկանց մուտքը կանխարգելելու նպատակով:

Ըստ Հ. Մկրտչյանի` նախարարությունն առաջին անգամ է ստանում նման ահազանգ: Նախկինում մեկ անգամ, 1983 թ. կապված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ այդ տեղանքում եղել է միայն քարաթափում: Հ. Մկրտչյանի տեղեկացմամբ` քարանձավի հետագա հնարավոր վերականգնողական աշխատանքները մշակույթի նախարարության իրավասության ներքո են:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները նախօրեին հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ