News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում, այսօր` մարտի 14-ին, հերթական անգամ հետաձգվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատաքննությունը։

Նիստը սկսվելուն պես, ամբաստանյալներից Արմեն Պողոսյանը հանդես եկավ միջնորդությամբ, հայտարարելով, որ կրկին ցանկանում է փոխել իր պաշտպանին: Այս անգամ նա հետ պահանջեց իր պաշտպան Արայիկ Ալվանդյանին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում (մարտի 6-ին) Արմեն Պողոսյանը հրաժարվել էր իր պաշտպան Արայիկ Ալվանդյանից պահանջել որպես պաշտպան ներգրավել Հայկ Ալումյանին եւ հետաձգել նիստը։

Արայիկ Ալվանդյանը, ով ներկա էր դատական նիստին, նշեց, որ իրեն ընդամենը մեկ աշխատանքային օր է անհրաժեշտ գործի նյութերին որոշակիորեն ծանոթանալու համար, քանի որ նախկինում եւս իրեն ծանոթ է եղել այս գործը:

Դատախազ Հարություն Հարությունյանը եւ մյուս պաշտպաններն առարկություն չունեին եւ դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ մարտի 15-ը, ժամը 15:30-ը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ