News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի շարք մտահոգություններ ունի 2011 թ. հունիսի 1-ին բանակ զորակոչված եւ դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ:

«Մասնավորապես, կազմակերպության կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայկ Խաչատրյանի զինակիցները, որոնք կարող են տեղեկություններ հայտնել ծառայության ընթացքում Հայկի առողջական վիճակի վատթարացման պատճառների, հրամանատարի կողմից նրա նկատմամբ դրսեւորած վատ վերաբերմունքի մասին, ենթարկվում են ճնշումների՝ նրանց համոզում, հորդորում եւ ստիպում են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քանի որ նրանք շարունակում են գտնվել զորամասի հրամանատարի հսկողության ներքո, որը անմիջական պատասխանատվություն է կրում տվյալ իրավիճակի համար, պահանջում ենք նախաքննություն իրականացնող մարմնից՝ միջոցներ ձեռնարկել զինծառայողների նկատմամբ նման ճնշումները բացառելու եւ քրեական գործի անաչառ, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թվականի հունիսի 1-ին բանակ զորակոչված Հայկ Մովսեսի Խաչատրյանը  զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով դեկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 11:40 մահացել է ջրծաղիկ հիվանդությունից` թողնելով անպատասխան հարցերի մի շարան:

Հայկի հայրը որդու հետ  վերջին խոսակցությունների ժամանակ պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան, նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ եւ ստիպել են վազել 10 կիլոմետր: Դեկտեմբերի 29-ին՝ Հայկի մահվանից մեկ օր առաջ, նրա որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր: Հիվանդանոցի բժիշկները հարազատներին բացատրել են, թե մտահոգվելու առիթ չկա, եւ, որ բուժումն արդյունավետ կլինի, սակայն հայրը ստիպել է, որպեսզի որդուն թույլ տան տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ 18-ամյա Հայկ  Խաչատրյանը մահացել է: Մահվան պատճառը հարազատների համոզմամբ՝ զորամասի հրամանատական եւ բուժանձնակազմերի անտարբերությունն է:

Տպել