News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Վրացական Շավնաբադա մենաստանի Շիոն վարդապետը (Գաբրիչիձե) իր քարոզներից մեկի ժամանակ  անմաքուր ուժեր է անվանել բոլոր նրանց, ովքեր չեն սիրում Վրաստանի նախագահին:

«Չտեսնեմ, որ ներս մտնեն նրանք, ովքեր չեն սիրում նախագահին... Ոչ մի անմաքուր ուժ չտեսնեմ այստեղ կայանալիք ժամերգությանը... Նրանք, ովքեր չեն սիրում նախագահին, անմաքուր ուժ են...», - ասել է սուրբ հայրն իր քարոզում, որն օգտվողները հրապարակել են Facebook սոցիալական ցանցում:

Վրացական պատրիարքի քարտուղար ավագ երեց Միխայիլ Բոտկովելին հայտնել է, որ նման քարոզներն անընդունելի են. դրանք վնասում են եկեղեցու հեղինակությանը եւ այդ պատճառով էլ  վարդապետը նախազգուշացվել է, հայտնում է «Բլագովեստ ինֆո» կայքը:

Ինչպես հայտնել է հայր Միխայիլը, նման կտրուկ հայտարարություններ հնչել են նաեւ նախկինում, ընդ որում ոչ միայն քահանաների, այլեւ արքեպիսկոպոսների շուրթերից, եւ հոգեւոր ծառայողներն անխտիր Պատրիարքից նկատողություններ են ստանում նման հայտարարությունների համար: 

«Հավատը պետք է տարանջատվի քաղաքականությունից, եւ նման հայտարարություններ անելը եկեղեցու համար անընդունելի է, եւ նման դիրքորոշում մենք իսկապես չունենք: Եւ դա եկեղեցու դիրքորոշումը չէ, այլ տվյալ հոգեւոր անձի դիրքորոշումը: Եկեղեցու համար նաեւ անընդունելի կլիներ այն, եթե հոգեւոր ներկայացուցիչներն սկսեին քարոզել, որ ով համագործակցում է իշխանությունների հետ, նա չպետք է վանք մտնի», - ասել է նա:

Ինչպես բացատրել է Վրաց պատրիարքի քարտուղարը, «հոգեւոր անձինք, որպես կանոն, չեն մասնակցում քաղաքականությանը:

Ավելի հստակ, քաղաքականությունը հետաքրքրում է նրանց այնքանով, որքանով նրանք այդ պետության քաղաքացիներն են եւ անտարբեր չեն երկրում կատարվող դեպքերին, սակայն հրապարակայնորեն, այն էլ քարոզի ժամանակ, նման մտքեր արտահայտելն անթույլատրելի է:

Եկեղեցում կարող են լինել ինչպես իշխանությունների կողմնակիցներն, այնպես էլ հակառակորդները, ինչ-որ մեկին կարող են դուր գալ իշխանությունները, ինչ-որ մեկին` ոչ, սակայն այդ պատճառով չի կարելի առանձնացնել համայնքի անդամներին: Հոգեւոր անձինք չպետք է արտահայտեն իրենց քաղաքական համակրանքները կամ հակակրանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ