Մի քանի ժամ առաջ NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն ոստիկաններ են այցելել: Մեզ հաջողվել է պարզել, որ իրավապահները այցելել են հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված, Կոտայքի մարզի բնակիչ, «Սալդատ» մականունով Անդրանիկ Գյուլբուդաղյանին: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ, «Դելֆին» մականունով ոմն Սուրենի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Վեճն ավարտվել է կրակոցներով, ինչի հետեւանքով Անդրանիկը ոտքից հրազենային վնասվածք է ստացել:

Մեր տեղեկություններով, տուժող Անդրանիկ Գյուլբուդաղյանը իրավապահներին հայտնել է, որ իր ոտքին կրակել է «Դելֆին» մականունով Սուրենը: Ի դեպ, «Սալդատը» ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամներից, հետո տարաձայնություններ է ունեցել ԲՀԿ ղեկավարի հետ եւ հեռացել:

Այս դեպքի առնչությամբ մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Ի դեպ, Կոտայքի մարզի  որոշ բնակիչների պնդմամբ, այս մականունավորները Աբովյանում հեղինակություններ են համարվում, իսկ «Սալդատը» ժամանակին մի քանի անգամ դատապարտված է եղել: