News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարտի 21-ին բազմաթիվ երկրներում նշվելու է Նովրուզի տոնը: Աշխարհում մոտ 300 մլն մարդ տոնում է այդ տոնը` որպես Նոր Տարի: Տոնը նշվում է Իրանում, Քուրդիստանում, Միջին Ասիական մի շարք երկրներում եւ Հնդկական թերակղզում:

Նովրուզի ընթացքում Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ Իրանից: Նախորդ տարիների հոսքը հաշվի առնելով` խոսքը մոտ 20 հազ. մարդու մասին է: Հաշվի առնելով, որ վերջին տարիներին զբոսաշրջային ենթակառուցվածքները Հայաստանում զարգացել են, հնարավոր է իրանցի զբոսաշրջիկների հոսքի աճ: Իրանցիները նախընտրում են հանգրվանել համեմատաբար ոչ թանկ հյուրանոցներում, կամ հոսթելներում (ուր առկա է ընդհանուր սենյակ, ճաշ պատրաստելու հնարավորություն):

Ընդհանուր առմամբ` տարեկան կտրվածքով Հայաստան է այցելում մոտ 50-60 հազ. իրանցի զբոսաշրջիկ, այսինքն` նրանց մոտ մեկ երրորդը Հայստան է գալիս Նովրուզի օրերին:

Ըստ որոշ գնահատականների` Հայաստանն իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքրում է ոչ այնքան որպես զբոսաշրջության կենտրոն, որքան` ազատ մշակութային գոտի, ուր իրանցի երիտասարդները հնարավորություն են ստանում ավելի ազատ շփվել աղջիկների հետ կամ օգտագործել խմիչք: Սակայն Նովրուզի տոնի առանձնահատկությունն այն է, որ իրանցիներից շատերը ժամանում են ընտանիքներով, եւ նախընտրում են հաճախել մշակութային միջոցառումների` իրանցի երգիչների մասնակցությամբ, որոնք հատուկ այդ նպատակով ժամանում են Հայաստան:

Նշենք, որ տարածաշրջանում մրցակցություն է սկսել Հարավկովկասյան երեք երկրների միջեւ` Նովրուզի տոներին իրանցի զբոսաշրջիկներին ներգրավելու առումով: Ըստ որոշ գնահատականների` Իրանից Նովրուզի տոներին որպես զբոսաշրջիկ տարբեր երկրներ են այցելում 500 հազարից-1 մլն մարդ: Հարեւան Վրաստանը 2011 թ. հանեց Իրանի հետ վիզային ռեժիմը` իրանցիներին հնարավորություն տալով անարգել մուտք գործել երկիր:  

Սակայն Հայաստանը եւս ունի որոշ մրցակցային առավելություններ: Նախ` Իրանի հետ գործում է պարզեցված վիզային ռեժիմ, իսկ ցամաքային ճանապարհի առկայությունը թույլ է տալիս զբոսաշրջիկներին` այցելությունն իրականացնել սեփական տրանսպորտային միջոցով: Բացի այդ` Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված են բարիդրացիական հարաբերություններ, ինչը եւս նպաստում է այցելությունների աճին: Իրանցիները Նովրուզին մեծամասամբ Ադրբեջան են գնում, սակայն վերջին ամիսներին այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այցելությունների քանակի վրա:

Նովրուզի տոնը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ըստ պատմաբանների` Նովրուզ Բայրամի տոնի արմատները գալիս են մ. թ. ա. 538 թ-ից, երբ Աքեմենյան Պարսկաստանի արքա Կյուրոսը հարձակվել է Բաբելոնի վրա: Իրանում ընդունված է տոնական սեղանին դնել 7 խորհրդանշական բարիք, որոնք պետք է սկսվեն պարսկերեն «ս» տառով: Դրանք են` խնձորը, փշատը, սխտորը, մետաղադրամը, քացախը, կանաչին ու ածիկը, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշական նշանակություն ունի: Խնձորն գեղեցկության խորհրդանիշն է, փշատը` բարության, սխտորը` առողջության, մետաղադրամը` կենցաղի ու հարստության, կանաչին` կյանքի, իսկ ածիկը` բերք ու բարիքի: Տնական սեղանի անբաժան մաս է կազմում նաեւ իրենց Սուրբ գիրքը` Ղուրանը:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ