News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի եւ ծննդյան 80-ամյակի առթիվ  Վլադիմիր Բագրատի Ղալումյանին պարգեւատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով: Նախարարն այսօր հյուրընկալվել է Վ. Ղալումյանին եւ բավականին ջերմ մթնոլորտում, հոբելյարի հարազատների եւ ընկերների  ներկայությամբ հանձնել մեդալը, այնուհետեւ ծանոթացել անվանի տանտիրոջ հարուստ գրադարանին:

«Մարդ, որ անձնական օրինակով սովորեցնում է ճիշտ ապրել». այսպես են ընկերներն ու մտերիմները բնորոշում Խորհրդային Հայաստանի ճանաչված պետական գործիչ ու մանկավարժ  Վ. Ղալումյանին, ով այսօր էլ իր անսպառ գիտելքներն ու հարուստ փորձը  շարունակում է փոխանցել Երեւանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին:

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղում ծնված Վ. Ղալումյանը, գործունեությունը սկսելով որպես գյուղատնտես, հասել է ՀԿԿ կենտկոմի քարտուղարի բարձր պաշտոնին` միշտ էլ վայելելով շրջապատի անթաքույց հարգանքն ու հիացմունքը եւ իր հայրենասիրությամբ վարակելով գործընկերներին:

«Երկար տարիներ զբացեցնելով պատասխանատու պաշտոններ, Դուք այնուամենայնիվ, չմոռացաք Ձեր հիմնական` գյուղատնտեսի մասնագիտությունը` դրանով Դուք կարողացաք մեծ ավանդ ներդնել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում: Դուք այն մարդկանցից եք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շատերի նման ընդդիմադիր կեցվածք չընդունեցիք եւ շարունակեցիք Ձեր բեղմնավոր աշխատանքը` չընդհատելով գիտական ու մանկավարժական գործունեությունը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` Վ. Ղալումյանին մաղթելով քաջառողջություն ու երկար տարիների կյանք:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի եւ ջերմ շնորհավորանքների համար` Վ . Ղալումյանը նշել է, որ թեեւ շատ պարգեւների է արժանացել, սակայն ՀՀ ԳՆ ոսկե մեդալին արժանանալը մեծ ջերմությամբ է ընդունում, քանի որ Հայաստանի գյուղատնտեսությանն առնչվող ամեն ինչը միշտ իր համար թանկ ու հարազատ է եղել:

Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ Վ. Ղալումյանին էին հյուրընկալվել ու իրենց շնորհավորանքները փոխանցել նաեւ նրա վաղեմի ընկերները`Հանրային Խորհրդի անդամներ Յուրի Ջավադյանն ու Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ ԳՆ կոլեգիայի անդամ Կիմ Եգանյանը:

 

 

Տպել
Ամենաշատ