ԲՀԿ համագումարը մենք հրավիրել ենք քննարկելու, հաստատելու մեր նախընտրական ծրագիրը, որով մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին եւ որով մենք ստանալու ենք մեր հանրության, հասարակության, ժողովրդի քվեն: Այս մասին այսօր` մարտի 17-ին, ԲՀԿ համագումարում նշեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա իր ելույթում անդրադարձավ մի քանի խնդիրների, նշելով. «Հաշվի առնելով այն հսկայական հետաքրքրությունը եւ սպասումները, որ կան ԲՀԿ-ի հանդեպ ինձանից հետո իմ կուսակից ընկերները մանրամասնորեն կներկայացնեն մեր տեսակետները ու գնահատականներ մի շարք հարցերի շուրջ կմանրամասնեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մեր նախընտրական ծրագրերի հիմնադրույթները: Նայենք իրականությանը: Այսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք ինչպես է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները հասունանում են լրջագույն հաջողությունների կյանքի տարբեր բնագավառներում դառնալով հատնի դեմքեր, գործիչներ: Ինչպես է ստացվում, որ հայը արտագաղթելով օտար երկիր կարողանում է 1, 2 տարում ոտքի կանգնել, աշխատանք գտնել, աշխատատեղեր ստեղծել, պահել իր ընտանիքը: Իսկ սեփական երկրում` մեր հայրենիքում չի կարողանում այդ ամենն իրականացնել: Պատասխանը մեկն է` միջավայրի եւ պայմանների բացակայություն: Ուստի մենք մեր երկրում այսօր ունենք լրջագույն խնդիր` ստեղծել համապատասխան պայմաններ, ընձեռնել հնարավորություն, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում եւ արժանավայել կարողանա պահել իր ընտանիքը:
Մեր երիտասարդների ապագան պետք է տեսնել ու կառուցել հայրենիքում: Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի եւ, եթե մենք չենք կարողանում լուծելել աշխատատեղերի զբաղվածության խնդիրը, ապա մենք ստիպված ենք լինելու պայքարել աղքատության դեմ: Արդյոք մեր երկրում հաջողվե՞լ է լուծել այդ ռազմավարական լրջագույն խնդիրը կարծում եմ, որ ոչ: Բայց, եթե առաջիկայում մենք այդ խնդրին համակարգային լուծում չտանք, ապա ստիպված ենք լինելու արձանագրել աղքատության էլ ավելի մեծ աճ, արտագաղթի էլ ավելի մեծ տոկոս»,-ասաց նա:




























