News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի առաջին նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչության ենթակայության ներքո ձեւավորվել են երեք ճյուղային խորհուրդներ՝ պետություն-մասնավոր սկզբունքով: Վերջիններն ըստ ոլորտների քննարկելու են զարգացմանն ուղղված ծրագրային հեռանկարներն ու առաջարկությունները: 

Նախարարն ասել է, որ արդյունաբերական ռազմավարությամբ մինչ 2015 թվականն արտահանման ծավալները նախատեսվում է կրկնապատկել՝ հասցնելով 2,1 միլիարդ դոլարի, իսկ մինչ 2020 թ.-ը եռապատկել՝ հասցնելով 2,8-3,3 միլիարդի: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հաշվետվությամբ՝ 2011 թ.-ին արդյունաբերության աճը կազմել է 14,1 տոկոս, որն ապահովվել է ինչպես ավանդական, այնպես էլ նոր ճյուղերում արձանագրված զարգացումների շնորհիվ: Ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը մոտեցել է 1 տրիլիոն դրամի՝ կազմելով 992 միլիարդ դրամ, ինչը մեր երկրի անկախ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Արդյունաբերության մասնաբաժինն աճել է նաեւ երկրի համախառն ներքին արտադարանքի մեջ. եթե 1-2 տարի առաջ այդ մասնաբաժինը կազմում էր ընդամենը 12-13 տոկոս, ապա ակնկալվում է, որ այն կանցնի 20 տոկոսը:

Տիգրան Դավթյանը նշել է, որ ամբողջությամբ ձեւավորվել է նաեւ ազատ տնտեսական գոտիների ստեղծման օրենսդրական հիմքը: Սպասվում է, որ առաջին ազատ տնտեսական գոտին պատրաստ կլինի գործունեություն ծավալել արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Նախարարի խոսքով՝ հաջողությամբ է իրականացվում նաեւ պետության կողմից մասնավոր հատվածին ցուցաբերվող օժանդակության գործընթացը: Մասնավորապես, երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը եւ նրանց կտրամադրվի Ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի հնարավորություն: Այս ամենի արդյունքում կիրականացվեն 85 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր: Պետական ռեսուրսներից վարկավորման ծրագրերը եւս ակտիվ ընթացքի մեջ են:  «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամարվել է 53 վարկ՝ 39 ընկերությունների, որի ընդհանուր ծավալը կազմել է 3,6 միլիարդ դրամ:

Այնուհետեւ, խորհուրդը հստակեցրել է ռազմավարության շրջանակներում գերակա ոլորտները՝ ճյուղային տարբերակով: Գերակա են համարվել՝ Ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, գինեգործության, ադամանդագործության՝ այդ թվում՝ ոսկերչության, զարդեղենի արտադրության եւ ժամագործության, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության՝ կոշիկի արտադրության ու մանածագործության ոլորտները: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ներկայում մշակվել են առաջին երեք բնագավառներում զարգացման ծրագրերը: «Մյուս ոլորտներում եւս կմշակվեն ռազմավարական ծրագրեր: Սրանք այն ոլորտներն են, որոնք պատրաստ են մեզ հետ միասին այս հարթակում ծրագրեր իրականացնել»,- ասել է վարչապետը: 

Օրակարգային երրորդ հարցով ներկայացվել են այն ուղղությունները, որտեղ պետությունը պատրաստ կլինի իր տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը ցուցաբերել մասնավոր հատվածին: Մասնավորապես, նշվել է, որ պետությունն իր աջակցությունը կցուցաբերի հանրաճանաչ եւ միջազգային արդյունաբերական ընկերություններին հայաստանյան շուկա ներգրավման, տեղական ընկերություններին արտաքին շուկաներ դուրս գալու եւ միջազգային համագործակցություն ծավալելու, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, մասնագետների վերապատրաստման, արտերկրում առեւտրական ներկայացուցչությունների համակարգի ընդլայնման գործում: Քննարկվել է նաեւ արտադրության եւ արտահանմանն ուղղված ծրագրերին պետական ռեսուրսներից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների որոշակի սուբսիսադավորման հարցը: Այն բոլոր գործիքները, որոնք կառաջարկի խորհուրդը՝ լինելու են համաֆինանսավորման սկզբունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ