Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն ու «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը մարտի 18-ին ձերբակալվել են Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից` բողոքի չարտոնված ակցիայի ընթացքում:

Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել НТВ հեռուստաալիքի ցուցադրած «Բողոքի անատոմիան» ֆիլմի առնչությամբ:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ուդալցովի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանգրություն է կազմվել: Ընդդիմադիր գործիչը գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է, թե իրեն պարտավորեցրել են դատարան ներկայանալ մարտի 19-ին: Բորիս Նեմցովի ճակատագրի մասին էլ ոչինչ հայտնի չէ:

Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, չարտոնված ակցիայի մասնակիցները դեռեւս մնում են հառուստակենտրոնի մոտ` չնայած իրավապահների հեռանալու մասին պահանջներին: Հաղորդվում է, որ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 94-ի:Նշենք, որ այցիայի մասնակցել է ընդհանուր առմամբ հազար մարդ:  Միջոցառմանը մասնակցել է նաեւ Պետդումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան»  խմբակցության անդամ Դմիտրի Գուդկովը: Նա փորձել է չարտոնված միջոցառմանը պատգամավորի հետ հանդիպման ձեւաչափ հաղորդել, որի համար արտոնության անհրաժեշտություն չկա, սակայն դա նրան չի հաջողվել: Դրանից հետո նա ասել է, թե կգնա ոստիկանական բաժանմունքներ` «ձերբակալվածներին աջակցություն ցուցաբերելու»,-հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: