News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի քաղաքացու հետ ամուսնացած հայուհին 5 տարի Հնդկաստանում բնակվելուց հետո, ինֆեկցիոն հիվանդություններով վերադարձել է Հայաստան։ 1975թ. ծնված Հայաստանի քաղաքացի Լուսինե Սարգսյանին Հնդկաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները գտել են Մադրասի ինֆեկցիոն հիվանդանոցում, ծանր վիճակում։ Հնդիկի հետ ամուսնացած Լուսինեի մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց նրա քույրը՝ Վարդուհի Սարգսյանը։

Լուսինեն 1999թ. ամուսնացել է Հայաստանում ապրող Հնդկաստանի քաղաքացու հետ։ Զույգը մինչեւ 2007թ. ապրել է Հայաստանում, որտեղ նրանք որդի են ունեցել։ 2007-ին Լուսինեի ամուսինը մեկնել է Հնդկաստան, իսկ հետո մեկնել են նաեւ կինն ու որդին։

Լուսինեի քրոջ խոսքով՝ մեկնելուց հետո երկու տարվա ընթացքում Լուսինեն հաճախ է զանգահարել, պատմել, որ ապրում են Մադրասում ու դրա հարակից գյուղերում, նշել, որ ապրում են վատ պայմաններում։ Սակայն 2009թ-ից հետո աղջկա հարազատները այլեւս զանգ չեն ստացել, իսկ վերջին հեռախոսազրույցում Լուսինեն մորը խոստովանել էր, որ այլեւս չի կարողանում ապրել հակահիգիենիկ պայմաններում,եւ ցանկանում է վերադառնալ Հայաստան։

Սակայն հարցի լուծումը բարդանում է, Լուսինեի՝ անձնագիրը կորցնելու պատճառով։ «Այս ընթացքում մենք դիմում էինք Հայաստանի արտգործախարարությանը, խնդրում գտնել քրոջս։ Լուսինեին փնտրում էին, սակայն նրանց ընտանիքը հաճախ տեղափոխվում էր, եւ ոչ մի տեղ գրանցում չունեին, այդ պատճառով որոնումը բարդացել էր»,- պատմեց Լուսինեի քույրը՝ Վարդուհին, ավելացնելով, որ Լուսինեի ամուսինը այդ ընթացքում, ոչ մի անգամ ցանկություն չի արտահայտել կապ հաստատել կնոջ ընտանիքի հետ։

Ըստ նրա՝ այս տարի, փետրվարի 23-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպանատնից զանգահարել են, եւ ասել, որ Լուսինեն գտնվել է Մադրասի ինֆեկցիոն հիվանդանոցում։    

 «Շնորհակալ ենք մեր ԱԳՆ-ին ու Հնդկաստանում Հայաստանի դեսպանությանը։ Առանց նրանց քրոջս չէինք գտնի»,- ասաց Վարդուհին՝ ավելացնելով, որ քրոջը եւ նրա որդուն Հայաստան ուղեկցելու է մեկնել հայրը։

Վարդուհու խոսքով՝ Լուսինեի որդին պատմել է, որ հայրը սիրում էր խմել, երբեմն ձեռք էր բարձրացնում կնոջ վրա։ Հնդկաստանում փորձել են ստիպել, որ Լուսինեն հրաժարվի քրիստոնեությունից, սակայն կինը կտրականապես հրաժարվել է։ Պարզվել է, որ Հնդկաստանում ընտանիքը ողջ ընթացքում ապրել է ծայրահեղ ծանր վիճակում։ Բնակության վայրերում բացակայել է սանիտարական տարրական պայմանները։

«Ըստ երեւույթին՝ այդ ահավոր պայմաններում ապրելն է, որ ստիպել է քրոջս մոռանալ մեր ու իր անձի մասին։ Այժմ նա կապված է միայն որդու հետ. անընդհատ խոսում է նրա մասին։ Չգիտեմ ինչպես են վերաբերել քրոջս հետ Հնդկաստանում նրա ամուսինն ու ծնողները, բայց գոնե մի լավ բան արել է այդ մարդը, թույլ է տվել, որ որդին քրոջս հետ գա Հայաստան»,- նշեց Վարդուհին։ 
Այժմ Լուսինեն գտնվում է հիվանդանոցում։ Նրան անհրաժեշտ է բժշկական օգնությունը, ինչպես ախտաբանական, այնպես էլ հոգեբանական։ «Քրոջս ընտանիքն ապրել է անասելի ահավոր պայմաններում։ Հենց այդ պատճառով էլ նա ինֆեկցիոն հիվանդություններ է ձեռք բերել։ Այժմ նա բուժվում է։ Թե ինչքան կտեւի նրա՝ բնականոն կյանքին վերադարձը, դժվար է ասել, սակայն մենք հույսներս չենք կորցնում»,- ասաց Լուսինեի քույրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ