Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը համոզել է իր ընկերոջը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առաջադրել իր թեկնածությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Երեկվանից NEWS.am-ին չի հաջողվում խոսել Ռուբեն Հայրապետյանի հետ, նա կամ անջատում է հեռախոսը, կամ չի պատասխանում: Սակայն, մեզ հաջողվեց զրուցել Սամվել Ալեքսանյանի հետ` ճշտելու, թե նրա «համոզումները» տվե՞լ են ցանկալի արդյունքը, թե` ոչ: «ես երեկ եմ խոսել, պետք է առաջադրվեր թիվ մեկ ընտրատարածքում»,- ասաց նա` հավելելով, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է Թուրքիա գնար` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործերով:

Հարցին` արդյոք Ռուբեն Հայրապետյանի չառաջադրելու որոշումը փոխվե՞լ է, որովհետեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղում է, նա նշեց, որ նման տեղեկություն չունի. ինքը հիմա Դուբայում է եւ խորհուրդ տվեց այդ հարցով զանգել Ռուբեն Հայրապետյանին:

Նշենք, որ լրատվամիջոներում տարածված տեղեկությունների համաձայն` Ռուբեն Հայրապետյանի չառաջադրման որոշումը փոխելը կարող է կապված լինել այն փաստի հետ, որ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը Հովիկ Աբրահամյանն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առաջադրվել, այնուհետեւ նշել, որ կառաջադրվի որեւէ ընտրատարածքում, որտեղ իր պահանջարկը լինի: Նա նշել էր, որ չառաջադրվելու մասին որոշումը փոխել է, քանի որ կուսակցությունն է այդպես որոշել, իսկ ինքը անկախ մարդ չէ եւ պարտավոր է հարգել կուսակցության որոշումներ: Դանից հետո կայացած ասուլիսում պատգամավորը նշել էր, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ավելին, եթե ընդգրկված լինի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ապա կհրաժարվի պատգամավորի մանդատից:  Ռուբեն Հայրապետյանի առաջադրման որոշումը փոխելու պատճառը զբաղվածությունն է, քանի որ, իր խոսքով, հաճախ ՖԻՖԱ-ի նիստերը համընկնում են ԱԺ-ի նիստերի հետ, ամսվա մեջ մի քանի անգամ ճամփորդությունների մեջ է եւ այլն:  Ի դեպ, նա նշել էր նաեւ  նաեւ, որ միակ մարդը, ով կարող է իրեն համոզել փոխել առաջադրման մասին որոշումը, իր լավագույն ընկեր, շատ սիրելի եւ հարգելի Սամվել Ալեքսանյանն է: «Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել, իմ ընկերը կարող  ինձ համոզել, միակ մարդն ինքն է, որ կարող է համոզել, որին ես շատ եմ սիրում եւ հարգում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: