Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) մարտի 22-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների թեկնածուների ցուցակը: Այն ԿԸՀ է ներկայացրել ԿԸՀ նախկին անդամ Համլետ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ցուցակները հրապարակվել էին նախօրեին: Կուսակցության համամասնական ցուցակում 85 անուն է նշվում: Առաջին հնգյակը հետեւյալ տեսքն ունի. Վահան Հովհաննիսյան (խորհրդարանական խմբակցության ղեկավար), Արմեն Ռուստամյան (ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ), Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան:
Մեծամասնական կարգով կուսակցությունից կառաջադրվեն ութ թեկնածուներ`Արթուր Եղիազարյան` թիվ 8 ընտրատարածք, Կառլեն Գեւորգյան` թիվ 12 ընտրատարածք, Գուրգեն Շահինյան` թիվ 15 ընտրատարածք, Մանվել Հայրապետյան` թիվ 17 ընտրատարածք, Արայիկ Գրիգորյան` թիվ 18 ընտրատարածք, Արտաշես Նիկոյան` թիվ 22 ընտրատարածք, Զահրաբ Թորոսյան` թիվ 30 ընտրատարածք, Գագիկ Գեւորգյան` թիվ 37 ընտրատարածք:
ՀՅԴ-ն սպասվող ընտրություններում հանդես է գալիս «Ազատություն, Արդարություն, Դաշնակցություն» կարգախոսով:
ՀՅԴ-ն հայկական երեք ամենահին կուսակցություններից մեկն է, որն ստեղծվել է դեռեւս 19-րդ դարավերջին եւ խորհրդային տարիներին գործել է երկրի սահմաններից դուրս: Հայաստանի անկախացումից հետո Դաշնակցությունը պաշտոնապես սկսեց գործել հայրենիքում: Այն Հայաստանում գրանցվել է 1991թ.: 1994թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով երկրի տարածքում կուսակցության գործունեությունն արգելվեց, դրա մի շարք անդամներ ձերբակալվեցին, քանի որ ազգային անվտանգության մարմինները կուսակցության ներսում գործող զինված կառույց էին հայտնաբերել («Դրո»): «Դրո» կառույցի որոշ անդամներ դատապարտվեցին եւ մինչ օրս ազատազրկված են: 1998թ. հրամանագիրը ուժը կորցրած ճանաչվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
2003թ. Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀՅԴ-ն Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության հետ իշխող կոալիցիայի ձեւավորման հուշագիր ստորագրեց: 2009թ. ապրիլի 27 -ին ՀՅԴ-ն հայտարարեց իշխող կոալիցիայի դուրս գալու մասին`որպես բողոք Հայաստանի կառավարության եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման դեմ: Ներկա պահին այն խորհրդարանում ներկայացված է 16 պատգամավորներից բաղկացած խմբակցությամբ:




























