News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն, առաջադրելով իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում, տեղյակ չի եղել, որ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւս առաջադրվել է այդտեղ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես չգիտեի, որ կլիներ ընդդիմադիր այլընտրանքային թեկնածու, անցյալ կիրակի «Ժառանգության» խորհրդի նիստից հետո, երբ որոշվեց համամասնական եւ մեծամասնական ցուցակները, սպասում էի մինչեւ վերջին օրը՝ հասկանալու, թե որ ընտրատարածքն է, որը պետք է մնա այլընտրանք»,- նշեց նա:  Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ընդդիմադիր կուսակցություններին նստել սեղանի շուրջ, համատեղ քննարկումների արդյունքում ամեն մի ընտրատարածքում թողնել միայն մեկ միասնական թեկնածու:

«Նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, նստեն մեկ սեղանի շուրջ եւ ողջամիտ, շրջահայց եղանակով աննախադեպ մեթոդաբանությամբ առաջ գնան, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա մեկ ընդդիմադիր թեկնածու: Սա պետք է լինի համապարփակ, քննադատական, կոշտ քաղաքական քննարկման արդյունքում»,- նշեց կուսակցության ղեկավարը:

Իսկ թե ինչու ինքն առաջադրվեց հենց թիվ 7 ընտրատարածքում, նրա խոսքով՝ ինքն ընտրեց այն ընտրատարածքը, որտեղ, իր կարծիքով, ճակատագրապաշտությունը առավել ցայտուն է: Նա պատրաստ է հանել իր թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի, եթե համատեղ քննարկումների արդյունքում այդպես որոշվի:

Ի դեպ, «Ժառանգության» ղեկավարը նշեց, ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ի հետ պայմանավորվածություններ չկան:

Նշենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել են նաեւ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն ու անկուսակցական Վարդան Վարդանյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ