News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինչ էլ որ անեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ինչպես էլ փոխեն ձեւաչափը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին, բոլոր գործողություններն անիմաստ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, ինչպիսի որոշումներ էլ ընդունվեն առկա գործընթացի շրջանակներում, դրանք ոչ լեգիտիմ են լինելու:

«Ճանաչված կամ չճանաչված հանրապետություն… Այնտեղ ընտրություններ են ընթանում, դրանց դիտորդներ են մասնակցում, մարդիկ ապրում եւ պետականություն են կառուցում: Դա ուղղակի անհնար է հաշվի չառնել: Ուստի այսօր Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ փաստացի կողմերից մեկն է»,- ընդգծել է փորձագետը:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագիծը` Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ ՄԽ-ում Եվրամիությանը հանձնելու վերաբերյալ, փորձագետը նշել է, թե տարբերություն չկա, թե ով կմասնակցի որոշումների ընդունմանը, քանի դեռ այդ որոշումներն ապօրինի են: «Առանց Ղարաբաղի ցանկացած որոշում ուժ ունենալ չի կարող»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլ դրույթների, առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի Եվրամիությունը:

Նշենք, որ փաստաթուղթը դեռեւս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մեկ ամսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ