Երկրի ամբողջ տարածքից ժամանած հարյուրավոր կանադահայեր մարտի 23-ին մասնակցել են Օտտավայում Ադրբեջանի դեսպանատան մոտ անցկացվող բողոքի ցույցին, որը կազմակերպել էր Կանադայի Հայկական երիտասարդական ֆեդերացիան:
Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, ցուցարարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի, վախեցնելու փորձերի եւ հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքի կապակցությամբ: Նրանք կարգախոսներ էին վանկարկում ուղղված Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, վայրագությունների եւ Սումգայիթում եւ Բաքվում ջարդերի, ինչպես նաեւ Ադրբեջանում հայկական հուշարձանների նկատմամբ իրականացվող մշակութային ցեղասպանության դեմ:
Նրանք նաեւ ուշադրություն են դարձրել ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս իրադրությանը, հայտարարելով, որ հայերն իրավունք ունեն ազատ ապրելու` առանց ադրբեջանական ճնշման եւ թշնամանքի: Բացի դրանից, նրանք աշխարհի երկրների կառավարություններին կոչ են արել դատապարտել Ադրբեջանին կրոնական անհանդուրժողականության անընդհատ դրսեւորումների, ագրեսիայի եւ Կովկասում դրության անկայունացման փորձերի համար:
Դժբախտաբար, Ադրբեջանի դեսպանությունը հրաժարվել է ընդունել դեսպան Ֆարիդ Շաֆիեւին ուղղված նամակը, որը գրվել էր Կանադայի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի կողմից: Երկխոսության նման բացակայությունն էլ ավելի է ապացուցում Ադրբեջանի Հանրապետության` տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ցանկության բացակայությունը:
Կանադայի հայ երիտասարդական ֆեդերացիայի բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Դեսպան Շաֆիեւ,
Մենք ուղարկում ենք Ձեզ այս բաց նամակն ի պատասխան Կովկասում հայերի հանդեպ Ադրբեջանի հանրապետության կողմից իրականացվող մշակութային, քաղաքական եւ ֆիզիկական թշնամության շարունակվող քաղաքականության:
Կանադահայերն այսօր հավաքվել են ձեր շեմին, որպեսզի հիշեն հակահայկական ջարդերը 1980-ական եւ 1990-ական թվականներին, որպեսզի ուշադրություն հրավիրեն Ջուղայում հայկական գերեզմանոցների ոչնչացման վրա, ինչպես նաեւ իրենց բողոքը հայտնեն ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի կառավարության շարունակվող հակահայկական հայտարարությունների եւ ռազմական սպառնալիքների կապակցությամբ, որի գոյությունը դուք հրաժարվում եք ճանաչել:
Ադրբեջանի կառավարությունը շատ երկար ժամանակ ժխտում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանն անտեսեց հանրաքվեն, որը հաստատեց ԼՂ անկախության մասին որոշումը, փոխարենը պատերազմ սկսեց այդ ժողովրդի դեմ: Այսօր ԼՂ ժողովրդի գոյության միջոցները սպառնալիքի տակ են եւ շրջափակումը խոչընդոտում է երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:
Ադրբեջանում մշակութային էթնոկենտրոն ատելությունն առկա է 21 տարի առաջ Խորհրդային միությունից Ադրբեջանի անկախություն ձեռք բերելուց ի վեր: Մենք հիշում ենք նաեւ դաժան ամբոխի կողմից հայերի ջարդերը, որոնք այն ժամանակ կառավարությունը հրաժարվեց կանխել կամ պատժել մեղավորներին: 1988-ին սումգայիթյան ջարդերը բռնության նման ակտեր հրահրեցին նաեւ Ադրբեջանի այլ քաղաքներում, այդ թվում Բաքվում եւ Մարաղայում, որտեղ խաղաղ բնակիչներին դուրս են հանել իրենց տներից եւ բռնաբարել, կենդանի այրել կամ գլխատել բութ գործիքներով: Այս ամենը տեղի է ունեցել պետական քարոզչության ազդեցության տակ գտնվող գազազած ամբողի կողմից` ի պատասխան Ղարաբաղի ժողովրդի անկախության ժողովրդավարական ձգտման:
Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցի ամբողջովին ոչնչացումը ակնհայտորեն ցույց տվեց Ադրբեջանի մտադրությունը` բռնի եւ ավերիչ միջոցներով վերացնել էթնոմշակութային բազմազանությունը: Երբ 1920-ին այդ գերեզմանոցը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո, այնտեղ կար 6 հազար տարբեր հայկական գերեզմանոցներ: Ադրբեջանը փոխանակ պաշտպաներ այդ սրբավայրը, Ադրբեջանը ամբողջովին անտեսեց միջազգային իրավունքը եւ իր իսկ Սահմանադրության սկզբունքները, ձեռնամուխ լինելով այդ հայկական հուշարձանի հետքերի ոչնչացմանը: Գերեզմանոցը, որը գտնվում էր արդեն հայաթափ եղած վայրում, ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում եւ ռազմավարական նշանակություն չուներ Ադրբեջանի համար:
Եկեղեցիների, վանական համալիրների եւ հազարավոր հայկական գերեզմանների պղծումն այդ երկրում կարելի է դիտարկել միայն որպես էթնոցիդի հստակ քաղաքականություն Ադրբեջանի կառավարության կողմից: Այդ սրբավայրը ներկայումս օգտագործվում է որպես ռազմաուսումնական օբյեկտ:
Միաժամանակ ձեր կառավարությունը միջազգային հանրության առջեւ շարունակում է խաղաղության կողմնակից անմեղ զոհ ձեւանալ: Կառավարությունը հայտարարում է հակամարտության դադարեցման պատրաստակամության մասին եւ հայկական կողմին մեղադրում է որոշում կայացնելու անկարողության մեջ: Հարց ենք տալիս. ինչպե՞ս է Ադրբեջանը կողմ խաղաղությանը, եթե նրա ռազմական բյուջեն վերջին 6 տարիների ընթացքում 300 մլն դոլարից հասել է ավելի քան 4 մլրդ դոլարի: Ինչպե՞ս են նրանք կողմ խաղաղությանը, եթե երկիրը մշտապես սպառնում է գրավել Հայաստանը եւ ոչնչացնել տեղի ժողովրդին:
Մենք վրդովմունք ենք հայտնում այն փաստի կապակցությամբ, որ հենց նախորդ ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «...Մեր գլխավոր թշնամին ամբողջ աշխարհի հայությունն է»: Պարզապես ծիծաղելի է, որ պետության ղեկավարը կարող է նման ընդհանրացված կերպով խոսել մի ամբողջ ժողովրդի մասին: Սա կարելի է որակել իբրեւ ռասիստական եւ իսկապես տագնապահարույց հայտարարություն: Այս ամենը, դժբախտաբար, չափից դուրս տարածված է ձեր կառավարությունում եւ պետք է դադարեցվի, եթե դուք իրոք կողմնակից եք հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Կանադայի հայ համայնքը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է համընդհանուր ճանաչում ստանա եւ որ կրկին ադրբեջանական կառավարության ենթակայության տակ գտնվելը վտանգավոր կլինի նրա քաղաքացիների կյանքի համար:
Մեր բողոքի եւ այդ նամակի միջոցով մենք դատապարտում ենք Ադրբեջանի կառավարությունը ռազմական ագրեսիայի շարունակական դրսեւորման, կրոնական անհանդուրժողականության եւ Հարավային Կովկասում բռնապետական կառավարման համար: Ազգի իրավունքն է իր ապագան որոշելը, եւ դա ամրագրված է միջազգային իրավունքում, եւ մենք հետագայում էլ կերաշխավորենք, որ այդ իրավունքը պաշտպանվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»: