News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական ձեռքբերումը, որն ամբողջությամբ համապատասխանում է նրա առաքելությանը եւ արդարացնում գոյությունը, այն հանգամանքն է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն երկրորդ տասնամյակն է մարտական ակտիվ գրծողություններ չեն ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով` թեեւ շատերը Մինսկի խմբին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս չկարողացավ կայուն խախաղություն հաստատել, բայց այն միջնորդ կառույց է, որը միանգամից երկու առաջադրանք  է կատարում. մի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ն ձգտում է թույլ չտալ պատորազմի վերսկսումը, մյուս կողմից` փորձում է սերտացնել հակամարտության կողմերին: «Այսօր կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են, եւ Մինսկի խումբը չի կարող մոտեցնել դրանք, եթե կողմերն իրենք դա չեն ցանկանում: Մյուս կողմից,  ԵԱՀԿ ՄԽ-նչի ցանկանում ճնշում գործադրել նրանց վրա, քանի որ «արագացված» խաղաղությունն անկայուն կլինի: 2-3 տարի տեւած եւ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած պատերազմն այդքան արագ չի մոռացվում:  Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն արագ հաշտության, քաղաքական վերնախավերը` նույնպես: Իրավիճակը բարդանում է նրանով, որ կողմերից մեկը գրեթե ամեն օր սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները», - նկատել է զրուցակիցը` կրկին ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական ձեռքբերումը զինադադարի պահպանումն է:

Նշենք, որ 2012 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է  20-ամյակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման ամսաթիվ է համարվում  1992 թվականի մարտի 24-ը: Հենց այդ օրը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, ուղիղ 20 տարի առաջ,  ԵԱՀԽ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է  Լեռնային Ղարաբաղի հարցով կոնֆերանս գումարել ԵԱՀԿ-ի հովանավորության ներքո, որն էլ արվել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների կողմից:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը, Չեխիան, Սլովակիան, Շվեդիան ինչպես նաեւ Ադրբեջանը  եւ Թուրքիան: Կոնֆերանսի նպատակն է եղել հրադադարը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցություններ սկսելը, այստեղից էլ առաջ է եկել «Մինսկի խումբ» անվանումը:

Այդ օրավնից ԵԱՀԿ ՄԽ-ը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ