News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացում կատարելու համար:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լոռիի մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 1996 թվականից աշխատելով հիշյալ դպրոցում, հաստատապես իմանալով նույն դպրոցի գրադարանավարի կողմից աշխատանքից ազատվելու կապակցությամբ դիմում ներկայացնելու  եւ ՌԴ-ում գտնվելու հանգամանքի մասին, չեղյալ չի համարել վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը եւ 2011թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում աշխատավարձի վճարման ցուցակներում կեղծել է նրա ստորագրությունը` յուրացման եղանակով հափշտակելով գումար:

2011թ. սեպտեմբերի 8-ին «Լոռիի մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցներով «Պլազմա-Վան» ՍՊ ընկերությունից հիշյալ դպրոցի տնօրենը ձեռք է բերել կենցաղային տեխնիկա, սակայն դրանք տեղադրել է իր տանը:

Բացի այդ, իմանալով, որ իր տղայի կինը` նույն դպրոցի հաշվապահը, աշխատանքի չի հաճախում, օժտված լինելով հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ, իր ընտանիքի անդամներին աշխատավարձ ստանալուն աջակցելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, անձամբ է կատարել հաշվապահի պարտականությունները` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

Տպել
Ամենաշատ