News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Dasaran.am» կրթական ծրագիրն արդեն ավարտում է Երեւանի դպրոցների ներգրավումն ու ընդլայնվում՝ իր գործունեության շրջանակներ ներառելով ՀՀ տասը մարզերի դպրոցները:

Այդ նպատակով մարտի 12-ից մեկնարկել է ՀՀ մարզերի դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որն ուղղված է օպերատորների, ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի ծանոթացմանը: Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլեւ տեղում՝ համակարգիչների առաջ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաեւ  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն տպագիր ուղեցույց եւ ուսուցանող տեսանյութ, ինչպես նաեւ ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Վերապատրաստումներին արդեն մասնակցել են Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզկենտրոնների դպրոցների օպերատորներ եւ ուսուցիչներ: Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Լոռու մարզերում վերապատրաստումներն ամենայն հավանականությամբ կկազմակերպվեն տեղում՝  «Dasaran.am» կրթական ծրագրի մասնագետների մասնակցությամբ:

«Վերապատրաստման ընթացքում նյութը շատ պարզ մատուցվեց, դպրոցի բոլոր ուսուցիչներն արդեն լավ տիրապետում են էլեկտրոնային գործիքին եւ հաջողությամբ կատարում մուտքագրումները»,- ասում է Հրազդանի թիվ 9 դպրոցի օպերատոր Արմինե Մկրտչյանը:  Իսկ Աշտարակի Մուղնու գյուղի հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մերի Խոջոյանը նշում է, որ էլեկտրոնային գործիքը բավական պարզ է աշխատում, ուսուցիչների համար դժվարություն չի ներկայացնում դրանից օգտվելը:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը:

Տպել
Ամենաշատ