News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատական է տվել Արդարադատության նախարարության 2011 թվականի գործունեությանը` թերություններին ու խնդիրներին:

Ստորեն ներկայացնում ենք այդ գնահատականը.

«Արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական գրասենյակներում միեւնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ:

Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները, ինչի հետեւանքով շարունակել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դատարանների կողմից կայացված եւ օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները: Առանձին դեպքերում ԴԱՀԿ ծառայության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդների օբյեկտիվությունը հաճախ վիճահարույց է եղել, ինչը պատճառ է եղել  նաեւ կոռուպցիոն դրսեւորումների: ԴԱՀԿ ծառայությունը շարունակել է դրսեւորել անգործություն պետական մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերում:

Քաղաքացիական կացության ակտերի գրացման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերում շարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հակասում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածին:

Որոշ դեպքերում ՔԿԱԳ մարմիններում շարունակել են քաղաքացիներից պահանջել օրենքով ոչ պարտադիր փաստաթղթեր (հիմնականում ամուսնությունների գրանցման, անվան, ազգանվան փոխման դեպքերում): Բացի այդ, ՔԿԱԳ գործակալության մի շարք բաժիններում ցածր է եղել բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ չնորմավորված աշխատանքային գրաֆիկ, անհարկի հերթերի ստեղծում եւ այլն, որոնք պատշաճ կերպով հսկողության բացակայության արդյունք են:

Թեպետ պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել է մեկ պատուհանի համակարգ, այնուամենայնիվ, սպասարկող աշխատակիցների թվաքանակի անբավարարության պատճառով եղել են մարդկանց կուտակումներ եւ աշխատանքների խառնաշփոթ:

Բավարար չի եղել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալներին եւ կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որակը: Որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններ:

Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներն ընդունելու, տեսակցությունները կազմակերպելու, խցերը օդափոխելու եւ այլ դեպքերում առկա են եղել կոռուպցիոն երեւույթներ:

Քրեակատարողական հիմնարկներում երբեմն սահմանափակվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբոսանքի իրավունքը՝ շաբաթական 7 անգամվա փոխարեն տրամադրվել է 2-3  անգամ:

Մտահոգիչ է այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել է ՀՀ արդարադատության նախարարության  «Աբովյան» ՔԿՀ-ի մասնագիտացված բուժսպասարկումն ապահովող առանձնացված ստորաբաժանումը,  ինչպես նաեւ «վերակենդանացման բաժանմունք»:

Թեեւ Արդարադատության նախարարությունը դատական իշխանության համակարգի բարեփոխման նպատակով առաջարկել է երկարաժամկետ ծրագիր, որում ներառված որոշ առաջարկություններ կարող են նպաստել արդար դատաքննության իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, այդուհանդերձ, նախարարությունը իրական եւ բավարար քայլեր չի ձեռնարկել համակարգում առկա արատավոր երեւույթները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ բավարար արդյունավետ չի իրացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր իրավասությունը»:

Ոլորտի դրական զարգացումները

Արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն:

Նախարարության կողմից համակարգված ձեւով կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն, ապահովվել է դիմումներին եւ բողոքներին պատշաճ ընթացք տալու գործընթացը:  

Ստեղծվել են ՀՀ սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների  եվրոպական դատարանի որոշումների ուսումնասիրության աշխատանքային խմբեր՝ ներպետական օրենսդրությունը նշված որոշումների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու առաջարկներ:

Գույքագրվել է 1990-95 թվականների ՀՀ օրենսդրությունը, վերլուծվել եւ օրենսդրական նախաձեռնության տեսքով առաջարկություններ են ներկայացվել բոլոր շահագրգիռ մարմիններին:

Սահմանվել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգ եւ չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառայությունների համար սակագները, սահմանվել եւ հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքսված սակագները: Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հասցեագրված քաղաքացիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերահսկողությունը:

2011թ. ապրիլից իրավաբանական անձանց  պետական ռեգիստրում ներդրվել է  մեկ պատուհանի սկզբունքը,  հնարավորություն է ստեղծվել նաեւ իրավաբանական անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում, ինչպես նաեւ տեղի են ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:

Կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը եւ պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրականացրել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքները, ավելացվել են երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկետերը վերազինվել են նոր սարքավորումներով, ինչպես նաեւ հատկացվել են բավարար չափով դեղորայքներ:

Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի արտադրական, գյուղատնտեսական եւ հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրականացնող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ. 236-ի փոխարեն հասել է 271-ի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ