News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ գրողներ Նենսի Ագաբյանը եւ Նենսի Գրիգորյանը հայտարարություն են տարածել` ի պաշտպանություն արձակագիր Հովհաննես Իշխանյանի, ում դեմ ուժային մարմինները հալածանք են սկսել նրա «Ուվալնյատի օրը» գրքի համար:

Հայտարարության մեջ ասվում է.

«Որպես գրողներ, արվեստագետներ, մտավորականներ ու հայկական սփյուռքի(ոչ միայն) այլ մտահոգված անդամներ, մենք ավելացնում ենք մեր անուններն այս ստորագրահավաքին, որպեսզի արտահայտենք մեր զայրույթը Հայաստանի ռազմական ոստիկանության եւ Երեւանի մի շարք գրախանութների կողմից Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գիրքը գրաքննության ենթարկելու առիթով: Խոսքի ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: Հեղինակին հարցաքննության ենթարկելը եւ գրականությունը գրախանութներից հանելը վերադարձնում է ստալինիզմի ու ֆաշիզմի պարզունակ, վայրագ, խավար եւ սարսափելի օրերը:

Գրականությունը միջոց է, որով բաց հասարակությունը վերլուծում եւ քննարկում է իրեն դեմ ծառացած խնդիրները: Հայաստանում գրքի հինգ հարյուր ամյակի տոնակատարության վրա ստվեր է ընկնում, քանի որ մեր օրերում կա մի գիրք, որը վերաբերում է հայ հասարակության ժամանակակից եւ կարեւոր հարցերին, սակայն ընթերցվելու հնարավորություն չունի:

Պատասխանատու կառույցներից, այդ թվում մշակույթի նախարարությունից եւ Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնից, պահանջում ենք դադարեցնել Հովհաննես Իշխանյանին քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (պոռնկագրական նյութերի կամ իրերի ապօրինի տարածում) գործ հարուցելու նախապատրաստությունը եւ հալածանքները:

Մենք կանգնած ենք Հայաստանի գրողների կողքին, որոնք պաշտպանում են Իշխանյանին, եւ կհետեւենք այս դեպքին ամենայն ուշադրությամբ, որպեսզի առաջարկենք մեր հետագա աջակցությունը Հայաստանում գրականությունը կառավարության ակնհայտ ճնշումներից եւ սպառնալիքներից ազատ պահելու համար»:

Նշենք, որ Հովհաննես Իշխանյանի` բանակային կյանքի մասին պատմող «Ուվալնյատի օրը» գրքի տպագրումից հետո, նրան հրավիրել են ռազմական ոստիկանություն եւ բացատրություններ պահանջել գրքում տեղ գտած տեղեկությունների համար: Բացի այդ, գիրքը անհետացել է որոշ գրախանութներից:

Տպել
Ամենաշատ