News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Աբխազիայի խորհրդարանում երրորդ հայ պատգամավոր է դարձել լրագրող Լեւոն Գալուստյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում հայտնեց Աբխազիայի հայերի միության ղեկավար Խաչիկ Մինոսյանը:

«Պայքարը բարդ ու լարված էր, բայց ընտրությունները շատ հանգիստ են անցել: Կարելի է ասել, որ խախտումներ ընդհանրապես չեն եղել: Թիվ 20 ընտրատարածքում առաջադրված երկու հայ թեկնածուներն էլ կրթված մարդիկ են, որոնցով հայ ժողովուրդը կարող է հպարտանալ` Գալուստ Տրապիզոնյանն ու Լեւոն Գալուստյանը: Վերջինս հաղթել է աննշան առավելությամբ»,- նշեց Մինոսյանը:

NEWS.am-ի թղթակիցը կապվեց Լեւոն Գալուստյանի հետ եւ պարզեց, որ տարբերությունն իսկապես աննշան է եղել: «Առաջին փուլում իմ եւ Տրապիզոնյանի տարբերությունը եղել է երեք ձայն` հօգուտ նրա` 654-651: Երկրորդ փուլում հարաբերակցությունը եղել է 986-951, բայց արդեն իմ օգտին»,- նշել է նորընտիր պատգամավորը:

Գալուստյանն ասել է, թե ընտրություններն անցել են գրեթե կատարյալ: «ԿԸՀ բողոքներ չեն ներկայացվել, իմ դիտորդները ոչինչ չեն նկատել, ընդհանրապես ոչ ոք խախտումների մասին չի խոսում: Գոհ են բոլորը` պարտվածները, հաղթողները, հաղթել է Աբխազիան»,- ասել է նա` հավելելով, որ վարչական ռեսուրսը չի օգտագործվել:

Գալուստյանը դրվատանքով է խոսել իր մրցակցի մասին: «Լեզուս չի պտտվում նրան մրցակից ասել: Գալուստ Տրապիզոնյանի անունը ոսկե տառերով է գրված երկրի պատմության մեջ, նա Աբխազիայի հերոս է: Նրա հետ ջերմ, լավ, մարդկային հարաբերություններ են, չեմ վախենա «ընկերություն» բառից»,- ամփոփել է Գալուստյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թիվ 12 ընտրատարածքից ընտրվել էր Վաղարշակ Քոսյանը իսկ թիվ 22-ից` Ռոբերտ Յայլյանը: Աբխազիայի խորհրդարանն ունի 35 պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ