News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական Hurriyet-ի  լրագրող  Ուղուր Էրգանի այն հրապարակմանը, թե Հայաստանն օրեր առաջ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ, որպեսզի որոշակի քայլերի դիմաց  նրան դրդի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, արձագանքել են Hurriyet-ի սյունակագիր Յըլմազ Օզդիլը եւ Radikal-ի լրագրող Դենիզ Զեյրեքը։

Hurriyet-ի սյունակագիր Յըլմազ Օզդիլն անդրադառնալով Hurriyet-ի «Հայաստանի տուվալական խաղը» հրապարակմանը՝ հիշեցրել է, թե այնտեղ նշված է, որ Տուվալուն «մաղարիչի» դիմաց ամեն ինչ էլ անում է. օրինակ՝ նախորդ տարի Ռուսաստանի տված գումարի դիմաց այդ երկիրը ճանաչել է Աբխազիան եւ Հարավային Օսիան։

Յըլդըզ Օզդիլը նշում է, թե Տուվալուին ինչ որ բանի դիմաց առաջին «մաղարիչը» Թուրքիան է տվել, որից հետո մյուսներն էլ Թուրքիայից սովորեցին անել նույնը։

«Նախորդ տարիներին Տուվալուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո հարցրեցինք, թե ինչի՞ կարիք ունեն եւ ստացանք. «եվրոպական չափանիշներով ֆուտբոլի գնդակ չունենք» պատասխանը։ 100 հատ գնդակ ուղարկեցինք, որովհետեւ Թուրքիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2009-2010 թվականների ժամանակավոր անդամության թեկնածություն էր առաջադրել»,-նշել է թուրք լրագրողը՝ շեշտելով, որ Թուրքիան այդ ընթացքում ՄԱԿ-ում ձայնի իրավունք ունեցող մի շարք աֆրիկյան երկրների համար բավականին գումարներ է ծախսել՝ նրանց ձայները գնելու համար։

Թուրքական Radikal-ի լրագրող Դենիզ Զեյրեքը եւս հիշատակում է, որ Թուրքիան ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու համար սկսած արշավում Տուվալուի հետ 2008-2009 թվականներին դիվանագիտական սերտ շփումների մեջ էր մտել, որի ընթացքում Թուրքիա էր հրավիրվել Տուվալուի այն ժամանակվա վարչապետը։

«Թուրքիայի եւ Տուվալուի միջեւ համագործակցության լայն շրջանակներ ներառող համաձայնագիր է ստորագրվել։ Թուրքիան Տուվալուից հետաքրքրվել է թե նրանք ինչի՞ կարիք ունեն եւ ներկայացրած ցուցակում բացի Տուվալի հասարակական շենքերի վերականգնման անհրաժեշտությունից, նշվել է, թե նրանց պետք են ֆուտբոլի գնդակներ։ Թուրքիան առատաձեռն գտնվեց թե հասարակական շենքերի վերականգնման, թե գնդակներ ուղարկելու հարցում՝ ուղարկելով հարյուրավոր գնդակներ եւ դրանք փչելու համար պոմպեր։

Տուվալուի ձայնը գնելու համար առատաձեռն վերաբերմունք ցույց տված Անկարան ինչպես է արձագանքելու, եթե Տուվալուն գումարի դիմաց ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Անկարան Տուվալուից հե՞տ է ուզելու գնդակները»,-նշվել է Radikal-ի հրապարակման մեջ։

Թուրքական Hurriyet-ի  լրագրող  Ուղուր Էրգանի հրապարկման մեջ նշվել էր, թե Անկարային խիստ անհանգստացրել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ, քանի որ մտավախություն ունի, թե Հայաստանը Տուվալուին կստիպի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ