News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` իրեն` որպես թեկնածու չգրանցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է որպես քաղաքացի` իր թեկնածությունն առաջադրելու համար, դեռ նա թեկնածու չէր: Մինչ ԸԸՀ-ն նրա թեկնածությունը քննարկելը եւ որպես թեկնածու գրանցելը, նա դիմում է ներկայացրել, որ իր թեկնածության հարցը չքննարկենք, այսինքն` ինքը էլ չի դառնա թեկնածու»,- ասաց նա` հավելելով, որ թեկնածուներին գրանցելու ժամանակ կընթերցեն նրա դիմումը եւ հիմք կընդունեն` նրան որպես թեկնածու չգրանցելու համար: Գ. Սարգսյանի փոխանցմամբ` ԸԸՀ-ները թեկնածուներին պետք է գրանցեն մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին, թեկնածություններ առաջադրելու վերջին օրը, թիվ 7 ընտրատարածքում իրենց թեկնածություններն են առաջադրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ անակնկալի է եկել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումից: «ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16.50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված չէր»,- նշել էր նա: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը   ասուլիսում նշել էր, թե տեղյակ չի եղել Փաշինյանի առաջադրումից, այլապես չէր առաջադրվի: Նա նաեւ առաջարկել էր բոլոր տարածքներում թողնել ընդդիմության մեկական թեկնածու: Թեեւ այդ առաջարկը մերժվել է ՀԱԿ-ի կողմից, այնուամենայնիվ, նա փաստորեն հանում է իր թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ