News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մարտի 26-ին, ընդունել է «Սեյվ դը չիլդրեն»  եւ «Ապագան քոնն է» կազմակերպությունների կողմից իրականացված «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով աշակերտներին՝ նախարարը նշել է. «Շնորհակալ եմ ակտիվ մասնակցության եւ հասարակական նախաձեռնության համար: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեւավորել ՀՀ լիարժեք եւ կայացած քաղաքացի, ով ոչ միայն իր իրավունքների մասին ունի հստակ պատկերացում, այլ նաեւ իր նպաստն է ներդնում պետության եւ քաղաքացիական հասարակության կայացման գործում»: Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ աշակերտակենտրոն դպրոցի գաղափարն այլընտրանք չունի եւ այդ համատեքստում անդրադարձել աշակերտական խորհուրդների գործունեությանը՝ հույս հայտնելով, որ դրանց գործունեությունը չի լինի ձեւական, այլ իրականում աշակերտը լիարժեք կինտեգրվի դպրոցական անցուդարձի մեջ: Նա նաեւ հավելել է, որ նախատեսվում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում, հետադարձ կապ կապահովի նախարարի եւ դպրոցականների միջեւ եւ  պարբերաբար նախարարին կտեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերյալ աշակերտների մոտեցումները:

Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմիններում երեխաներին վերաբերող հարցերի շուրջ վերջիններիս մասնակցության, երեխաների իրավունքների եւ պարտականությունների, օրենսդրության մեջ երեխաների նկատմամբ բռնության հստակ սահմանման, ինչպես նաեւ մանկական, կրթական եւ ճանաչողական  հաղորդաշարերի, հեռուստաեթերի լեզվի  հստակ չափանիշների սահմանման, դպրոցից դուրս երեխաների ժամանցի կազմակերպման  եւ դպրոցական խաղահրապարակներին հարցերին: Անդրադառնալով կրթական հաղորդաշարերին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ նախատեսվում է ավագ տարիքի երեխաների համար ստեղծել կրթական զվարճալի ինտելեկտուալ հաղորդաշարեր եւ խոստացել է դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաեւ աշակերտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ