News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» հետ շանտաժների լեզվով չի կարելի խոսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն` արձագանքելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Ժառանգությունը» անտրամաբանական եւ անընդունելի առաջարկներ է արել ՀԱԿ-ին, որի պատճառով ընտրատարածքներում համաձայնեցված առաջադրումների հարցը չի լուծվել:

«Ժառանգությունը» միշտ զիջող է եղել, պատրաստակամությամբ, որ ընդդիմադիր ուժերի ավելի լայն համագործակցություն լինի, այսուհետ այդպես չի լինելու ու չի տրվելու շանտաժին»,-ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Արմեն Մատիրոսյանի փոխանցմամբ, տեղեկատվություն խեղաթյուրելը բացարձակապես որեւէ մեկին պատիվ չի բերում, հետեւաբար, նրա փոխանցմամբ, պետք չէ ինչ-որ դետալներ ամբողջական բանակցություններից պոկել եւ գլխիվայր շուռ տված ներկայացնել: «Ինչ վերաբերում է ցուցակներին, «Ժառանգության» կողմից առաջարկ եղել է Դաշնակցությանը եւ ՀԱԿ-ին, որպեսզի փորձենք մինչեւ առաջադրումները համաձայնեցված ցուցակ կազմել եւ խուսափել կրկնակի առաջադրումներից: Դա տեխնիկական պատճառներով ուղղակի հնարավոր չեղավ եւ, կարծում եմ, դա առիթ չէր տալիս, որպեսզի առաջադրումներից հետո նմանատիպ ցեխարձակումներ լինեն` առավել եւս «Ժառանգության» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանի  նկատմամբ: Ինչպես նաեւ այս օրերին տեղի ունեցած բանակցություններն էլ գլխիվայր շուռ տալ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նաեւ պատմեց, որ ՀԱԿ-ին առաջարկել են 21 ընտրատարածքում պաշտպանել ՀԱԿ-ին, իսկ 13 ընտրատարածքում` ՀՅԴ-ին կամ այլ ներկայացուցիչների, եթե լինեն այդպիսին եւ ընդամենը 7 ընտրատարածքում պաշտպանել «Ժառանգության» թեկնածուներին: Այսինքն` առաջարկի նպատակը եղել է այն, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ միասնական թեկնածու լինի:

Հարցին, թե չե՞ն ասել ՀԱԿ-ին, որ  թիվ 7 ընտրատարածքից Րաֆֆի Հովհաննիսյանը իր թեկնածությունը կհանի, եթե ՀԱԿ-ն իր թեկնածուներին հանի 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներից, «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց. «Ոչ, իհարկե: Նմանատիպ հարց չի քննարկվել: Մենք առաջարկել ենք, որ լինի վերը նշված պատկերը: Մենք առեւտուր չենք արել, ամբողջական մոտեցում ենք ցուցաբերել եւ որեւէ կոնկրետ առաջարկ չենք ստացել»: 

Ինչ վերաբերում է առաջադրումներին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ  բոլորին քաջ հայտնի էր, որ մարտի 18-ին «Ժառանգությունը» հրապարկել է իր  մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների անունները, եւ, որեւէ խնդիր չկար, որ իրենց  գործընկերները տեսնեին, թե որ մի ընտրատարածքում ով էր առաջադրվելու: «Ավելին` պարոն Հովհաննիսյանը հատուկ  ընտրատարածք չի նախատեսել իր համար, այլ ընդամենն իր ներսում պատկերացրել է հետեւյալ սխեման. եթե որեւէ մի ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածու չի լինի այդ դեպքում ինքն այդ ընտրատարածքում կառաջադրվի եւ դրա նախորդ օրը կարդալով Սամվել Ալեքսանյանի հայտարարությունը, որ իր դեմ ոչ ոք չի առաջադրվի, ինքն ուղղակի իր առաջադրումն իրականացրել է: Իսկ այն մեղադրանքները, թե, իբր, նա իմացել է Նիկոլ Փաշինյանի առաջադրվելու մասին, նոր է առաջադրվել, ապա պետք է ասեմ, որ տեղեկանքը մի քանի օր առաջ է վերցվում, գումարած դրան  ընտրագրավի մուծումն էլ նույն վայրկյանին չեն անում: Այնպես, որ մի քանի րոպեների հետ կապված մեղադրանք ներկայացնելն ամբողջովին  իրականության խեղաթյուրում է եւ հերթական ցեխարձակումը Րաֆֆի Հովհաննիսյանի  նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ