News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր շաքարային դիաբետով ապրում է մոտ 50 հազար մարդ, մինչդեռ տարիներ առաջ այդ թիվը ընդամենը 20 հազար էր: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Քաղաքային էնդոկրին դիսպանսեր ՓԲԸ-ի տնօրեն Անուշ Բունիաթյանը` հավելելով, որ սա միայն բուժհաստատություններ դիմած մարդկանց թիվն է, մինչդեռ քիչ չեն նաեւ անձինք, ովքեր շաքարային դիաբետ ունեն, բայց չեն գրանցվել, չեն դիմել բուժհաստատություն: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, տարեցտարի աճում է շաքարային դիաբետով հիվանդների թիվը,ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` ժառանգականություն, ոչ առողջ ապրելակերպ, վնասակար սնունդ, սթրեսներ եւ այլն:

Էնդոկրին համակարգի հիվանդություններից շաքարային դիաբետն ունի երկու տեսակ` տիպ 1 եւ տիպ 2: Անուշ Բունիաթյանի խոսքով` եթե տիպ 1-ը հիմնականում պայմանավորված է ժառանգականությամբ, ապա տիպ 2-ը հատուկ է հիմնականում գեր մարդկանց, այն պայմանավորված է ոչ միայն ժառանգականությամբ, այլեւ ոչ առողջ ապրելակերպով, նստակյաց կյանքով, ոչ ճիշտ սնունդ օգտագործելով, սթրեսներով եւ այլն: տիպ 2 դիաբետը ավելի տարածված է. օրինակ` Երեւանում մոտ 16 հազար մարդ ունի տիպ 2 դիաբետ, իսկ Տիպ 1` 5000 հոգի: տիպ 1-ի եւ տիպ 2-ի զարգացումը եւ բուժումը եւս տարբեր է:

Անուշ Բունիաթյանի խոսքով` շաքարային դիաբետ հավասարապես ձեռք են բերում թե կանայք, թե տղամարդիկ, ըստ որում` մինչեւ 30 տարեկան անձանց բնորոշ է տիպ 1 տեսակը, իսկ 30-ից հետո` տիպ 2-ը:

Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրենի խոսքով` շաքարային դիաբետի առաջին ախտանշաններն են բերանի չորությունը, ծարավի զգացումը, հաճախամիզությունը, շուտ հոգնածությունը եւ այլն: Սակայն, այս ախտանիշներն ունենալով հանդերձ` անպայման պետք է դիմել պոլիկլինկա կամ հիվանդանոց` արյան մեջ շաքարի չափը ստուգելու համար, այն չպետք է գերազացի 3,5-5,5 մ մոլ լիտր: «Շաքարային դիաբետով դիմող հիվանդներին նախ պետք է ճիշտ ախտորոշել, ապա` ճիշտ նշանակումներ անել, շատ կարեւոր է նաեւ, որ նրանք այսպես ասած անցնեն «դիաբետիկ դպրոցը» ու հասկանան, թե իրենց ինչն է կարելի, իսկ ինչը` ոչ: Շաքարային դիաբետը հսկման եւ ինքնահսկման հիվանդություն է, եթե դա չլինի, ապա բժիշկը չի կարող աշխատել հիվանդի հետ»,- նշեց Անուշ Բունիաթյանը` հավելելով, որ տարվա մեջ հիվանդն իր բժշկի հետ անցկացնում է մոտ 12 ժամ, իսկ մնացած ժամանակահատվածում հիվանդը ինքը իր հետ պետք է աշխատի: Շաքարային դիաբետն առողջության համար կարող է առաջացնել մի շարք անցանկալի հետեւանքներ, մասնավորապես` կարող են առաջանալ աչքի, երիկամների, սիրտ-անոթային համակարգի, ոտքերի ծայրանդամների ամպուտացիայի խնդիրներ, ախտահարվում են բոլոր տրամաչափի անոթները, արյան մակարդելիության բարձրանում է, կարող են լինել ինֆարկտներ, ինսուլտներ եւ այլն, ընդհուպ մինչեւ մահացություններ: Օրինակ` 2011թ Երեւանում շաքարային դիաբետից մահացել է 630 մարդ:

Շաքարային դիաբետ ձեռք չբերելու համար մասնագետը խորհուրդ է տալիս նախեւառաջ վարել ճիշտ ապրելակերպ, չօգտագործել շատ ածխաջրածիններ, քաղցրավենիք, գազավորված ըմպելիքներ, քչացնել հացի օգտագործումը, փոխարենը` նախընտել թեթեւ սնունդ, օրինակ` ծովային մթերքներ, մրգեր, բանջարեղեն, c վիտամին պարունակող մթերքներ եւ այլն, օրական օգտագործել 4-5 հատ նուշ, որովհետեւ դրանք մաքրում են օրգանիզմի անոթները: Նա խորհուրդ է տալիս ոչ թե միանգամից ուտել, այլ կոտորակային սնվել. «Օրը ճիշտ է սկսել բանջարեղենով, սալաթով, միսն օգտագործել շոգեխաշած վիճակում, խուսափել ճարպոտ եւ շատ ածխաջրածիններ պարունակող մթերքներից»,- ասաց Անուշ Բունիաթյանը` շեշտելով, որ այսօր շատերը գերադասում են «միանգամից ու շատ ուտել, ինչը հղի է մի շարք վտանգավոր հետեւանքներով` արյան ճնշման բարձրացում, գերքաշ, արյան մակարդելիության բարձրացում, ճնշման բարձրացում, որովայնի առաջնային հատվածի ճարպակալում եւ այլն»:

Շաքարային դիաբետ հիվանդության ախտորոշումը, նշանակումները եւ դեղորայքի տրամադրումը ամբողջովին պետության հոգածության ներքո է եւ անվճար: Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրենը շեշտեց, որ Հայաստանի որ անկյունում էլ անձը դիմի պոլիկլինիկաների էնդոկրին կաբինետներ, բացի դժվարամատչելի ծառայություններից, ինչպես օրինակ` հորմոնալ անալիզներն են, մնացած բոլոր հետազոտությունները կարող է անցնել անվճար եւ դեղորայքը եւս կարող է ստանալ անվճար: «Քաղաքային դիսպանսերի այցելուներին դիսպանսերում հետազոտում են նաեւ աչքը, նյարդային համակարգը, սիրտը եւ այլն: Պետության կողմից տրվող ֆինանսավորումը եւ դեղորայքը բավականացնում է, խնդիրների առաջ դեռ չենք կանգնել»,- նշեց նա` շեշտելով, որ օրական մոտ 25 հիվանդ անվճար ստանում են նեղ մասնագիտական եւ ախտորոշիչ լաբորատոր հետազոտություններ, շուտով հնարավորություն կունենան նաեւ անցնել ուլտրաձայնային հետազոտություններ:

Դրանից բացի, տնօրենի խոսքով, Երեւանի քաղաքապետի կողմից մարտի 8-ապրիլի 7-ը իրականացվող «Ձեզ համար, կանայք» ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից ուղեգիր է ստացել էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող 65 կին, նրանցից 37-ը հետազոտվել է, մնացածները` հետազոտվում են: Տնօրենի խոսքով` ակցիան չի ավարտվել, կանայք կարող են դիմել քաղաքապետարան` ուղեգիր ստանալու եւ հետազոտություն անցնելու համար:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

 

Տպել
Ամենաշատ