News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր լեզուն մեր հույսն է ու ողջ հայության անմահության գրավականը: Այս էր մարտի 25-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառման ոգեշնչումը: Կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ավագ դասարանի սովորողների յուրատեսակ քննություն դարձած այս միջոցառումը, որ նախաձեռնել էր «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, կազմակերպել էին հայոց լեզվի եւ գրականության վաստակաշատ ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանը եւ Կարինե Մանուկյանը: Միջոցառմանը ներկա էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Բորիս Սաակովը, դստեր՝ Յուլյա Սաակովայի եւ փեսայի ՝ Արթուր Կոստանյանի հետ:

«Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Մարի Առաքելովան, ներկայացրել է «Հայարտուն» կենտրոնի կրթական գործունեությունը, ընդգծելով, որ այսօր կիրակնօրյա դպրոցում հայերենի գրաճանաչ են դառնում, հայ ժողովրդի գրականություն եւ պատմություն են սովորում 200-ից ավելի ռուսախոս մեր հայրենակիցները:

Հուզիչ եւ ոգեշնչող էր գրական-երաժշտական մոնտաժը, որը ռուսալեզու շուրջ 40 սաների մի քանի ամսվա ընթացքում ձեռք բերած հայերենի իմացության դրսեւորում էր: Ռուսական առոգանությամբ, երբեմն ոչ ճիշտ հայերենով, բայց հայկական ոգով ու շնչով նրանք ներկայացրել են իրենց սովորածը:

Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղալաչյանը վաստակաշատ ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանին եւ Կարինե Մանուկյանին հանձնել է «Հայերենի լավագույն ուսուցիչ» անվանակարգով նրանց շնորհված ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, կիրակնօրյա դպրոցի պատմության ուսուցիչ Նորայր Բաղդասարյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

 

 

Տպել
Ամենաշատ