News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն մեկն է այն կերտողներից, որոնք վճռեցին XX դարի քաղաքների տեսքը:  Google-ն այսօր իր տոնական ձեւավորմամբ տարբերանշանը նվիրել է ճարտարապետության բնագավառի մոդեռնիստի եւ ինտերնացիոնալիստի ծննդյան 126-ամյակին: Ավդանդական լոգոտիպը փոխարինվել է Քրաուն-Հոլլի` Իլինոյսի տեխնոլոգիական համալսարանի ուսումնական մասնաշենքի պատկերով, որը վարպետը կերտել է 1955թ.:

Միս Վան դեր Ռոեի կառույցները, որոնք սովորաբար ստեղծվել են  պողպատից եւ ապակուց, տարբերվում  են ինչպես շինության ընդհանուր, այնպես էլ նրա ներքին տարածության համամասնական լուծումներով, ինչպես նաեւ հորիզոնական եւ ուղղահայաց գծերի ընդգծված շեշտադրությամբ:

Միս Վան դեր Ռոեի ճարտարապետությունն ստեղծվել է որպես նյութականացված փիլիսոփայական դոկտրին, որին հետեւում էր ինքնամփոփ, գովազդից հեռու, աշխատանքի մեջ խորասուզված վարպետը:

Նա գրել է. «Իմ կոնցեպցիան նորաձեւությունից դուրս չի մղվի երկու պատճառով. այն միաժամանակ առաջադեմ է եւ պահպանողական: Այն ռադիկալ է, քանի որ  օգտագործում է մեր ժամանակի հիմնական հնարավորությունները եւ տեխնիկական ձեռքբերումները: Այն գիտական բնույթ ունի, բայց գիտական չէ: Այն օգտագործում է տեխնոլոգիական միջոցներ, բայց այն տեխնոլոգիական չէ: Այն պահպանողական է, քանի որ կենտրոնացած է ոչ միայն օգտակարության, այլեւ իմաստային նշանակության վրա, կենտրոնացած է ոչ միայն գործառույթի, այլեւ արտահայտչաձեւի վրա: Այն պահպանողական է, քանի որ հիմնված է ճարտարապետության հավերժական օրենքների վրա` կարգ, տարածություն, համամասնություն»:

Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն ծնվել է 1886թ. մարտի 27-ին Ախեն քաղաքում  (Գերմանիա): 1908թ.-ից աշխատել է Բեռլինում` Պ. Բերենսի արվեստանոցում, որտեղ այդ ժամանակ ուսանում էին նաեւ Վ. Գրոպիուսը եւ Լե Կորբյուզիեն: 1912թ. տեղափոխվել է Հաագա:

Միսի նախագծերը չափազանց համարձակ էին իրագործվելու համար, սակայն դրանք հաճախ հրապարակվել են եւ ազդել  ժամանակակից ճարտարապետության զարգացման վրա: Հաջորդ 12 տարիների ընթացքում ճարտարապետը զբաղվել է ցուցահանդեսային ինտերիերների նախագծմամբ, ինչպես նաեւ ստեղծել է կահույքի ձեւավորման ոլորտում իր հայտնի գործերը` «Բարսելոնա», «Տուգենդհատ» եւ «Բրնո» աթոռները: 1930-1933թթ. Միս Վան դեր Ռոեն գլխավորել է Բաուհաուսը, որի գեղագիտական ծրագրի հիմքում ընկած էր բոլոր արվեստների սինթեզը եւ ժամանակակից ձեւավորման մեջ արդյունաբերական արտադրության որոշիչ դերը:

Գերմանիայոււմ նացիստների իշխանության գալուց հետո ճարտարապետը տեղափոխվել է ԱՄՆ: 1938թ. ղեկավարել է  Չիկագոյի ներկայիս տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, որի համար համալսարանական քաղաք է նախագծել: ԱՄՆ-ում իրականացրած նրա մյուս աշխատանքների թվում Փլեյնոյում (Իլինոյս նահանգ, 1950թ.) Էդիտ Ֆրանսուորթի տունն է, մի քանի տուն Չիկագոյում, այդ թվում` Լեյք-Շոր-դրայվի հայտնի շինությունները` ընդհանուր ապակեպատ ձեղնահարկով (1951թ.), Նյու Յորքի Սիգրեմ-բիլդինգ երկնաքերը (Ֆ. Ջոնսոնի համահեղինակությամբ,1958թ.): Եվրոպայում ճարտարապետի գլխավոր աշխատանքը Բեռլինի Ազգային նոր պատկերասրահն է (1968թ.). Միս Վան դեր Ռոեն մահացել է 1969թ. օգոստոսի 17-ին Չիկագոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ