News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կարեւորել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բնակչությանն օգնություն հատկացնելու հարցը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2013 թվականի բյուջետային լսումների ժամանակ: Լսումներին մասնակցել է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) ադմինիստրատոր Ռաջիվ Շահը: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

USAID-ի տնօրենին ուղղված իր հարցում կոնգրեսական Շերմանը ներկայացրել է Վրաստանի մի շարք շրջաններում տնտեսական բարդ իրավիճակը եւ Ամերիկայի հայ համայնքի հետ իր ջանքերը` ջավախահայությանը հասցեագրված օգնություն հասցնելու նպատակով:

USAID-ի տնօրեն Շահը նշել է. «Վրաստանի, մասնավորապես, Սամցխե-Ջավախքի հետ կապված, որի մասին Դուք հիշեցրիք, մենք աշխատում ենք կոնկրետ ծրագրերի ճանապարհով, որոնք վերաբերում են գյուղատնտեսության մոդեռնացմանը, սոցիալական զարգացմանը, առողջապահության ոլորտում մայրերի առողջության պահպանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության աջակցությանը:

Մենք ավելի հաճախ ենք փորձում կատարել այդ աշխատանքը, խորհրդակցելով Ամերիկայի հայ համայնքի հետ, նպատակ ունենալով կոնկրետ պետական եւ մասնավոր գործընկերություն հաստատել այդ համայնքների հետ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը համագործակցում է կոնգրեսականներ Շերմանի, Ադամ Շիֆի եւ կոնգրեսի այլ անդամների, ինչպես նաեւ USAID-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի բարձրացնի Ջավախքի բնակչության մասին իրազեկվածության մակարդակը եւ հնարավորություններ գտնի ԱՄՆ կառավարության եւ հայկական սփյուռքի համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ