News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. Զարգացումների վերաբերյալ` վեր հանելով մի շարք թերություններ ու խնդիրներ:

Օմբուդսմենի գնահատակում նշվում է.

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

- Դեռեւս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների հետեւանքով անձի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո:

- Թեեւ զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության ստուգումների արդյունավետությունը բնութագրող քանակական եւ որակական ցուցանիշները, այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակել են դժգոհել գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու անձանց աշխատանքի վերցնելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու բազմաթիվ դեպքերից:

- Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել է միայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի կողմից վավերացված լիազորագրով կենսաթոշակի վճարման կարգը, ինչը հանգեցնում է ՀՀ-ից ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնած քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի սահմանափակմանը: Նշված օրենսդրական փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:

- Թեեւ 2010թ. հունիսի 24-ի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում օրենսգրքի որոշ դրույթներ համապատասխանեցվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին, իսկ որոշ փոփոխություններ էլ ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, այդուհանդերձ, չլուծված են մնացել մի շարք օրենսդրական բացեր, որոնք հանգեցնում են աշխատողների  իրավունքների խախտումների:

- Թեեւ 2009թ. հանրապետության մարզերի 937 համայնքներում իրականացվել են վերապատրաստումներ համայնքներում գործող խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների համար, այդուհանդերձ, մտահոգիչ է այդ հանձնաժողովների գործունեության արդյունավետության խնդիրը, եւ  նախարարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել խնդրին համալիր լուծում տալու համար:

- Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ռիսկային խմբի երեխաների խնդիրների կանխարգելման ուղղությամբ: Առանձին դեպքերում հանդիպում են նաեւ որեւէ ծրագրում չընդգրկված թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաներ:

- Նախարարության կողմից բավարար չափով չեն բարձրաձայնվել արհեստակցական միությունների կայացման խնդիրները, եւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ այդ խնդիրներին համակարգային լուծում տալու ուղղությամբ:

- Իրականացվող սոցիալական քաղաքականության եւ սոցիալական վճարների հաշվարկման հիմքում չի դրվել նվազագույն սպառողական զամբյուղի իրական արժեքը:

Արձանագրված դրական զարգացումները

- Բարձրացել է բնակչության խոցելի խավերին ուղղված պետական ծրագրերի հասցեականությունը:

- Ընտանեկան նպաստի համակարգում տվյալների ստուգման արդյունքում 17 հազար ոչ անապահով ընտանիքներ կորցրել են ընտանեկան նպաստի իրավունքը, փոխարենը՝ շուրջ 9 հազար ընտանիք ճանաչվել է կարիքավոր եւ ընդգրկվել համակարգում:

- Կենսաթոշակային համակարգում ճշգրտվել է 65 հազար անհատական գործ, վերականգվել են գրեթե 5 հազար կենսաթոշակառուի թերվճարված գումարներ, դադարեցվել է 17-18 հազար «ոչ առկա» անձանց կենսաթոշակների վճարումը:

-  2011թ. ընթացքում ավելացվել են բոլոր տեսակի պետական նպաստների եւ կենսաթոշակների չափերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ