News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումների վերաբերյալ` վեր հանելով մի շարք թերություններ ու խնդիրներ:

Օմբուդսմենի գնահատակում նշվում է.

«ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

- Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման եւ զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը:

- Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման եւ նոր տեխնիկական հնարավորություններով համալրման կարիք, իսկ առանձին դեպքերում թատրոնները, օրինակ Մնջախաղի պետական թատրոնը ապահովված չէ սեփական տարածքով:

- Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել համայնքային գրադարանների  պահպանման ուղղությամբ: Թեեւ Նախարարության ենթակայության տակ եղած 13 գրադարաններում վիճակը էականորեն բարելավվել է, սակայն համայնքների ենթակայության տակ գտնվող գրադարանների վիճակը հեռու է բավարար լինելուց:

- Չեն իրականացվել բավարար գործողություններ մարզերում մշակութային կյանքի համաչափ զարգացման համար անհրաժեշտ կայուն  եւ արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

- Արձանագրվել են խնդիրներ մշակութային արժեքների, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության բնագավառում: ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օտարման ոչ ենթակա ցուցակում ընդգրկված որոշ շենքեր գտնվում են քանդման վտանգի տակ: Ըստ որոշ ուսումնասիրությունների, «Կումայրի» ճարտարապետական արգելոց թանգարանում որոշ շենքեր վթարային վիճակում են:

- Չեն ձեռնարկել բավարար միջոցներ` հաշմանդամների համար մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները

- Կազմակերպվել են մի շարք պետական պաշտոնական համերգներ:

- Հայաստանի ազգային պատկերասրահի ժամանակակից դիզայնով եւ տեխնիկական հնարավորություններով եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նոր բացված վեբ կայքի (www.nga.am,www.gallery.am) միջոցով հասարակությանը հասանելի են դարձել շտեմարանում գտնվող շուրջ  12.500 թանգարանային արժեքների մասին տեղեկույթները:

- Հայաստանի թանգարաններում կազմակերպվել են շուրջ 200 մշտական եւ անհատական ցուցադրություններ, բացի այդ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային մասնակցել է 59 թանգարան`  107420 այցելու, իսկ  Եվրոպական ժառանգության օրերին` 36 թանգարան` 11791 այցելու:

- Թանգարանային ֆոնդերը համալրվել են 6661 առարկաներով, ամրակայվել է 2645 եւ վերականգնվել  1168 թանգարանային առարկա:

- Գրադարանային հավաքածուները համալրվել են 59515 միավորով:

- Տեղեկատվության եւ ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով նորացվել են գրադարաններից օգտվողներին տրամադրվող էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրները («EBSKO» եւ ՌԴ-ի խոշորագույն էլեկտրոնային ռուսալեզու հավաքածուների` «Integrum World» տեղեկատվության տվյալների փաթեթները):

- Իրականացվել են արդեն ավանդական դարձած Գրադարանավարի  օրվան նվիրված` «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրը, որին մասնակցել է 102 գրադարան եւ կազմակերպվել է 257 միջոցառում:

- Հայ գրատպության 500-ամյակին եւ «Երեւանը՝ 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարություններին ընդառաջ իրականացվել են մի շարք միջոցառումներ:

- Հաշմանդամների գրադարանային սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզային գրադարանների միջոցով իրականացվել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը:

- Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ՀՀ Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզային գրադարաններում տեղակայվել է «Արեւ»  տեղեկատվական հաղորդակցման ծրագիրը:

- «Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպվել են շուրջ 74 թատերական եւ համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ, գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, ինչպես նաեւ մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երեւանում:

- Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Գյումրիում ու Վանաձորում առաջին անգամ իրականացվեց «Միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդեսը (մարզային «ArtExpo») եւ մրցույթ-փառատոնը»:

Տպել
Ամենաշատ