News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը առաջիկայում մանրամասն կանդրադառնա Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականում ներկայացված փաստերին: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զեկույցում ներկայացված խնդիրների մի մասը տարիների ընթացքում լուծվել կամ լուծվում են, ինչի մասին վկայում է զեկույցի «ձեռքբերումներ» բաժինը: «Ի դեպ, այդ ձեռքբերումների շարքը առանց վարանելու եւ ավելորդ համեստության կարելի է շարունակել:

Ցավոք, մեր համակարգում առկա խնդիրների մյուս մասը դեռեւս իրենց վերջնական լուծմանն են սպասում, ինչի համար մեր նախարարության ջանքերը պետք է մեկտեղել հասարակական աջակցության եւ ներուժի հետ»,- նշեց Աշոտյանը եւ հավելեց. «ՄԻՊ-ի զեկույցում կրթության ոլորտին անդրադարձը, կարծես, ոչ միայն իրավական է, այլեւ բովանդակային, եւ մեզ հետաքրքիր էր կարդալ այդ, տվյալ դեպքում, ոչ մասնագիտական կարծիքը: Զեկույցում նշված խնդիրների վերաբերյալ մեր մանրամասն անդրադարձը պատրաստվում է եւ կներկայացվի հանրությանը մոտ ապագայում»:

Արմեն Աշոտյանի անդրադարձը հայտնվել է նաեւ նրա ֆեյսբուքյան էջում:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիլիթ Գազազյանը հայտնեց, որ հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում արձանագրված փաստերը եւ առաջիկայում հանգամանալից կանդրադառնա դրան: Հանձնաժողովից հրաժարվեցին այս պահին որեւէ կերպ արձագանքել Կարեն Անդրեասյանի զեկույցին:

Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գնահատականներ է ներկայացրել մի շարք գերատեսչությունների վերաբերյալ` արձանագրելով թե թերությունները, թե ձեռքբերումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ