News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«Երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները եւ դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով: Չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություն, սակայն այն բավարար չափով չի նպաստել երիտասարդության խնդիրների լուծմանը, եւ այդ խնդիրները շարունակում են մտահոգել հանրությանը: Երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական կամ քաղաքական մասնակցությունը պայմանավորված է բացառապես առանձին կուսակցությունների քաղաքական շահերով: Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ եւ չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը:

Մտահոգիչ է հատկապես ՀՀ մարզերում երիտասարդների եւ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Չեն անցկացվել համալիր միջոցառումներ վիճակը բարելավելու ուղղությամբ: Մարզերում, կուսակցական նախաձեռնություններից բացի, երիտասարդների համար չեն նախատեսվել կամ անցկացվել ժամանցի ու մշակութային բավարար քանակի միջոցառումներ:  Անհամաչափ մոտեցում է դրսեւորվել մարզերում եւ Երեւան քաղաքում բնակվող երիտասարդներին նախարարության կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվածությունը ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է ընդամենը 642 վարկ` 4,868 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 346-ը` Երեւան քաղաքում, իսկ 296-ը` ՀՀ մարզերում: Այդուհանդերձ, պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում, առանձին դեպքերում, կոռուպցիոն երեւույթների մասին ահազանգեր եղել են: Նշված դեպքերում ընտանիքներին տրամադրվել են բնակարաններ՝ սահմանված կանոնակարգերի խախտումներով, մասնավորապես` ընտանիքը ստացել է բնակարան այն դեպքում, երբ  երիտասարդ ամուսինների տարիքը ընդհանուր հանրագումարի մասով գերազանցել է սահմանված 60-ը: Անհրաժեշտ է վերահսկել վերոնշյալ գործընթացը, եւ ձեռնարկել միջոցներ բոլորի համար հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:

Բավարար չափով չի ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը եւ  հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը սպորտի բնագավառում: 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով ոլորտում գործող թվով 4 հասարակական կազմակերպությունների տրամադրվել է 9 մլն դրամ՝ մարզական միջոցառումներ անցկացնելու համար: «2011 թ. Երեւանում կայանալիք խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացում» ծրագրով 13.747.000 դրամ է տրամադրվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին,  եւ 1.682.220 դրամ է հատկացվել «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հաշմանդամային ծանրամարտի առաջնության մասնակցության համար: Այսինքն՝ տրամադրվել են չափազանց սահմանափակ ֆինանսական միջոցներ, եւ ֆինանսավորվել են միայն առանձին ՀԿ-ներ մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման համար:  Այս հիմնախնդիրը Պաշտպանի ներկայացուցչի հետ հարցազրույցում կարեւորել են նաեւ «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար  Ռուզաննա Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ