News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայ թատերարվեստի սիրելի գործիչներ,

Թատրոնը բոլոր ժամանակներում հայերիս համար իր ուրույն եւ անփոխարինելի տեղն ու դերն է ունեցել: Հետեւաբար եւ հայ մարդը հաճախ իրեն հուզող խնդիրների եւ հարցերի պատասխանները փնտրել ու գտել է բեմում:

Վստահ եմ, ինքներդ էլ հաճախ առիթ ունեցել եք համոզվելու, որ հասարակությունը ձեզ իրապես սիրում ու գնահատում է: Եվ դա անկեղծ է, քանզի ձեր կերտած կերպարները հավերժորեն ապրում են հասարակության հիշողության մեջ, դաստիարակում գեղեցիկի, բարու եւ արդարի վեհ գաղափարներով՝ դժվարին ժամանակներում ժողովրդի մեջ նաեւ վառ պահելով հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Այսօր էլ դուք շարունակում եք ձեր մեծ ավանդը բերել հոգեւոր արժեքների պահպանման, տարածման ու զարգացման գործում, արդյունքում նպաստելով մեր երկրի, պետության ամրապնդմանն ու հզորացմանը։ Ու այսօր, շնորհավորելով ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ հաստատակամ մնալ ու հավատարիմ լինել ձեր կոչմանը:

Մաղթում եմ նաեւ ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Շարունակեք հիացնել հանդիսատեսին ձեր ինքնատիպ ու սպասված բեմադրություններով, հրաշալի դերակատարումներով: Քաջառողջություն, երջանկություն ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն՝ թատերարվեստն ըստ արժանվույն գնահատող ու սիրող, հանդիսատեսով լի դահլիճներում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այսօր` մարտի 27-ին թատերական աշխարհը նշում է Թատրոնի օրը: Այն սահմանվել է 1961թ. Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի կողմից: Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին միջազգային ուղերձը գրվել է 1962թ.` ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոյի կողմից, հաղորդում է Calend պորտալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ