News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Չկալով գյուղի 2-րդ փողոցի փլուզման վտանգի տակ հայտնված թիվ 31 տան բնակիչներին գյուղապետը պատրաստ է վերաբնակեցնել այլ տան մեջ, մինչեւ կառավարությունը խնդրին լուծում տա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդվարդ Շաքարյանի տունը հայտնվել է փլուզման վտանգի տակ: Դեպքի վայր է մեկնել Լոռիի փրկարար վարչության պետ Հրաչ Անտոնյանը, որտեղ պարզվել է, որ 1960 ական թթ-ին կառուցված երկհարկանի տան հիմնապատերին դեռեւս երկրաշարժից հետո առաջացել են մեծ ճեղքեր, որոնք այս տարիների ընթացքում աստիճանաբար լայնացել են, ու փլուզման վտանգն ավելի է խորացել: Երկհարկանի տանը բնակվում են 4 հոգի` ամուսինները, տղան, հարսը, ով  շուտով մայրանալու է: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Չկալով համայնքի ղեկավար Վիլուն Շաքարյանը նշեց, որ տունը ցանկացած պահի կարող է փլվել: «Էլ ապրելու հնար չկա, ահավոր վիճակում է տունը հայտնվել»: Գյուղապետի փոխանցմամբ, իրենք պատրաստ են ընտանիքին վերաբնակեցնել այլ տան մեջ, այդ կերպ խուսափելով դժբախտությունից, մինչեւ որ կառավարությունը քայլեր կձեռնարկի:

«Մենք բոլոր մարմիններին տեղակ ենք պահել, հանձնաժողովը եկել ու եզրակացություն է տվել»,-ասաց նա, հավելելով, որ առաջիկա օրերին իրենք կտարհանեն ընտանիքի անդամներին, սակայն խնդրին վերջնական լուծում է հարկավոր, որը համայնքի ուժերով պարզապես անհնար է լուծել:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահել Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանին, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով` տվյալ շինության վթարայնության աստիճանը որոշելու եւ խնդրին լուծում տալու համար:

 

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ