News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին մասնակցելու նպատակով Ալմաթիում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` մարտի 27-ին, հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Սամվել Նիկոյանը նշել է, որ ներկա դրությամբ ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմավարական համագործակցությունը զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը մեծապես նպաստում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի  միջխորհրդարանական հանձնաժողովի գործունությունը: Վերջինիս երկարամյա աշխատանքի շնորհիվ ՀՀ եւ ՌԴ միջխորհրդարանական կապերը ստացել են կայուն եւ դինամիկ բնույթ, ստեղծվել է իրավական հիմք, որը երկու երկրների միջպետական համագործակցության համար ապահովում է բնականոն եւ լայնածավալ զարգացում:

Կողմերը կարեւոր են համարել երկկողմ խորհրդարանական դիվանագիտության ջանքերի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման գործում` ընդգծելով Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անդրադարձ է եղել երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, մասնավորապես ՀՀ մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի խորհրդարանը կարեւորում է ԱՊՀ ՄԽՎ ջանքերը Համագործակցության երկրների միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման ուղղությամբ: ՀՀ-ն հատկապես բարձր է գնահատում համագործակցությունը ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Նիկոյանը կարեւորել է նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխհամաձայնեցված գործունեությունը:

Միջխորհրդարանական կապերի նշանակության եւ դրանց հետագա խորացման ու կատարելագործման անհրաժեշտության, փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ քննարկումներ են ծավալվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ ունեցած երկկողմ հանդիպումների ժամանակ: Նուրլան Նիգմատուլինը հատկապես բարձր է գնահատել հայ համայնքի ունեցած դերակատարությունը իրենց երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը եւ տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ