News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Միսս Հայաստան-2012» գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի` YouTube կայքում տեղադրված, այնուհետեւ ջնջված տեսանյութը, որը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում քննարկումների առիթ է հանդիսացել, վաղը նորից կտեղադրվի  կայքում, պարզապես լոգոտիպի հետ կապված խնդիր է առաջացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միսս Հայաստան-2012» կազմկոմիտեի պատասխանատու Մամիկոն Դանիելյանը` անդրադառնալով «Միսս Հայաստան» ազգային գործակալության (հասարակական կազմակերպություն է) կողմից կազմակերպված մրցույթին, որը հեռարձակվել է նաեւ հեռուստատեսությամբ: Թեեւ ծավալված քննարկումներին եւ մեկնաբանություններին, այնուհանդերձ, մրցույթն ընթանալու է եւ շարունակվելու է հեռարձակվել նաեւ հեռուստատեսությամբ: Նրա կարծիքով, մեր հանրությունը «շատ վատ է արձագանքել այդ ամենին եւ սխալ է հասկանում»:

«Ամոթ է, չի կարելի, երեխեքը այն տարիքում են, որ չի կարելի իրենց վիրավորել, մենք որ շատ կոպիտ լինենք, չի լինի, կյանք է մտնում երեխան, մանկավարժ պետք է լինել: Մերոնք սիրում են, որ մի բան լինի, անուն դնեն»,- ասաց Մամիկոն Դանիելյանը`  շեշտելով, թե «երեխա է, շփոթվել է, լողազգեստով բեմ բարձրանալը այդքան էլ հեշտ բան չէ, չի կարելի ծիծաղել, ճիշտ չէ, չի կարելի այդպես»:

Մամիկոն Դանիելյանի փոխանցմամբ` «Միսս Հայաստան-2012» գեղեցկության եւ նրբագեղության ազգային  մրցույթին մասնակցելու համար դիմել է ավելի քան 200 մարդ, եւ եթե դիմողները դրված պահանջներին համապատասխանում են, ապա իրենք իրավունք չունեին որեւէ մեկի դիմումը չընդունել: Դրա համար էլ կա նախընտրական փուլ, որի ժամանակ ժյուրին դիմողներից ընտրում է լավագույններին: «Մեր Հայաստանում երեւի ամեն ինչ սխալ են ընկալում, մրցույթի կանոններ կան, որոնք երեւի տեղյակ չեն: Կարող է երեխան տունը մտածել է, որ ինքը շատ սիրուն աղջիկ է, հասակը 1,70 է եղել, եկել, դիմել է, չեմ կարող ասել. «Մի դիմիր»,- նշեց նա:

Մամիկոն Դանիելյանի փոխանցմամբ` տեղադրված տեսահոլովակը նախընտրական փուլն է, այդ մարդկանցից գրեթե ոչ մեկը մյուս փուլ չեն անցել եւ իրենք մաքսիմալ կրճատել են ավելի վատ հատվածները: Հարցին, թե ինչ կարիք կար դա հեռուստատեսությամբ ցույց տալու, որ այդպիսի քննարկումներ չծավալվեին, նա պատասխանեց. «Դա հաղորդաշար է, իրավունք չունեն ցույց չտալու, մի ահագին բան էլ ցույց չեն տվել»: Հարցին, թե չափանիշների մեջ չկա՞ր բարետես արտաքինը, գուցե դա հնարավորություն տար մերժել ոմանց, նա պատասխանեց, որ «աղջիկներից յուրաքանչյուրը կարծում է, որ ինքն ամենաբարետեսն է, ծնողները գալիս, վիճում են, ասում են` մեր աղջիկը ամենասիրունն է, անհնար է չանցնի, մենք կբողոքենք եւ այլն»:

Նրա խոսքով`  2007թ-ից հետո մրցույթը չանցկացնելու պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել, քանի որ մրցույթի անցկացումը մեծ բյուջե է պահանջում: Մամիկոն Դանիելյանը նշեց, որ կան շատ գեղեցիկ աղջիկներ, որոնք չեն դիմել, ինչի համար ցավում է, միգուցե պատճառն այն է, որ այդքան տարի չի կայացել մրցույթը, դրա համար չեն եկել:

Եթե նախընտրական ժյուրիի կազմում էին պարուսույց Ռուբեն Խառատյանը, հեռուստահաղորդավար Լիլիթ Մելքոնյանը, Մամիկոն Դանիելյանը եւ այլք, ապա  վերջնական ժյուրիի կազմը պարզ կլինի միայն մրցույթի վերջին օրերին: «Միսս Հայաստան-2012»-ի հաղթողի մրցանակը առայժմ հայտնի չէ, բանակցություններ են ընթանում: «Փորձում ենք «Միսս աշխարհ» ուղարկել այս տարի, մրցանակներ լինելու են, ուղղակի հիմա քննարկումների մեջ ենք, տարբեր մարդկանց հետ բանակցում ենք»,- նշեց նա:

Նշենք, որ ապրիլի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է «Միսս Հայաստան-2012» գեղեցկության եւ նրբագեղության ազգային  մրցույթը, որին մասնակցելու են 18-ից 24 տարեկան մոտ երկու տասնյակ գեղեցկուհիներ: Մասնակիցները պետք է ունենան 170 սանտիմետրից ոչ պակաս հասակ եւ մոդելային արտաքին: «Միսս Հայաստան-2012»-ում  հաղթող ճանաչված աղջիկը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին: Ի դեպ, մինչ այժմ Հայաստանը երբեւէ «Միսս աշխարհ» մրցույթին մասնակից չի ուղարկել:

Հ. Գ. NEWS.am-ի ընթերցողներից մեկը մեզ է տրամադրել YouTube-ից ջնջված տեսահոլովակը:

Լուսանկաները՝ Kamoblog-ի

Տպել
Ամենաշատ