News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկատվություն է հրապարակել նախորդ տարում ցանքատարածությունների եւ մշակաբույսերի բերքի մասին:

Պարզ է, որ ցանքատարածությունների մասին տեղեկատվությունը այս կամ այն չափով հավաստի է: Ագարակատերերի հողատարածքները ամրագրված են համապատասխան փաստաթղթերում եւ հեշտությամբ կարող են ստուգվել: Այլ է բերքի ցուցանիշը, դրան իրականում մոտավոր, զուտ հայեցողական գնահատական է տրվում:

Այսպես, դիտարկենք բանջարանոցային մշակաբույսերի տվյալները, որոնց ցանքատարածությունը նախորդ տարի կազմել է 25,0 հազար հեկտար: Բերքը հավաքվել է մի փոքր ավելի քիչ` 24,9 հազար հեկտարից: Վերջին մեծությամբ էլ որոշվում է բանջարեղենի արտադրության միջին բերքատվությունը:

Բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունների ամենամեծ մասնաբաժինը ավանդաբար զբաղեցնում է լոլիկը (27,4%), հաջորդում են կաղամբը (15,24%) եւ վարունգը (10,2%): Մնացած բանջարեղենների տեսակարար կշիռը նշվում է արդեն միանիշ թվերով, եւ դրանց մեջ ամենաշատը սոխի բաժինն է (7,9%):

Այսպես, լոլիկը գերիշխող դիրքում է: Շնորհիվ բարձր բերքատվության (հեկտարից 400 ցենտներ)` բանջարեղենի բերքի դրա չափաբաժինը կազմում է 35,8%, այսինքն` մեկ երրորդից ավելի:

Նախորդ տարի շուրջ 4,2 հազար տոննա բանջարեղենային պահածոներ են պատրաստվել եւ  4,9 հազար տոննա տոմատի մածուկ: Առաջին հայացքից ծավալները հուսադրող են, սակայն եթե արտադրության ծավալները հաշվենք բնակչության մեկ շնչի հետ հարաբերակցությամբ, ապա ցուցանիշները, մեղմ ասած, բավական համեստ կլինեն…

Այսպես, հայրենական արտադրության բանջարեղենային պահածոներից մեկ շնչին տարվա կտրվածքով բաժին է հասնում շուրջ 1,3 կգ, տոմատի մածուկ (որը Հայաստանի բնակիչները բավական հաճախ են օգտագործում տարաբնույթ ճաշատեսակներ պատրաստելիս)` 1,5 կգ: Բայց հաշվի առնենք, որ փաստացի մեր երկրում նման քանակ չի սպառվում, արտադրանքի մի մասն արտահանվում է: Վերջինիս ծավալներն իհարկե համեմատության ոչ մի եզր չունեն խորհրդայինի հետ, երբ պահածոների արդյունաբերությունը երկրում խոշորագույններից էր:

Նախորդ տարվա տվյալներով` լոլիկի արտահանումը կազմել է ընդամենը 244,6 տոննա, ինչը դրա բերքի հարաբերակցությամբ կազմում է 0,04%: Զարմանալի է, քանի որ տասնամյակներ առաջ այդ բանջարեղենը Հայաստանից տասնյակ հազարավոր տոննաներով էր արտահանվում:

Միեւնույն ժամանակ, դատելով պաշտոնական տվյալներից, բերքի ծավալով մենք անգամ գերազանցում ենք այն տարիների ցուցանիշը: Օրինակ, նույն այդ լոլիկի բերքը նախորդ տարի կազմել է 273,5 հազար տոննա: Համեմատության համար` XI հնգամյա պլանով նախատեսվել էր 400-460 հազար տոննա բանջարեղենի արտադրություն:  Նշենք` բոլոր բանջարեղենների համար, ինչը նախորդ տարի, կրկին դատելով պաշտոնական տվյալներից, կազմել է  764,0 հազար տոննայից ավելի…

Հարց է առաջանում` ուր են անհետանում այդ բանջարեղենները, եթե արտահանումն այդքան աննշան է
Լոլիկի ներկրումը մեծ չէ: Նախորդ տարի, օրինակ, ընդամենը 244,6 տոննա է ներկրվել, մաքսային արժեքով` 583,9 հազար դոլարի: Տոմատի մածուկ եւս համեմատաբար քիչ է ներկրվել` 69,7 տոննա` 181,0 հազար դոլարի: Ծավալները զուտ խորհրդանշական են, այդ պատճառով հետաքրքրաշարժ է մաքսային գների եւ ապրանքային միավորների համեմատությունը:

Այսպես, հայրենական արտադրության արտահանվող լոլիկների մաքսային արժեքը նախորդ տարի կազմել է 0,59 դոլար մեկ կիլոգրամի համար, իսկ ներկրման դեպքում շատ ավելի բարձր է եղել` 2,39 դոլար նույն քաշի համար: Տոմատի մածուկի համար արտահանման դեպքում այդ ցուցանիշը կազմել է 1,08 դոլար, ներկրման դեպքում` 2,60 դոլար:

Քանի որ լոլիկի բերքատվությունն այդքան բարձր է, իսկ մաքսային արժեքը համեմատաբար ցածր, ապա, թվում է,  հարկավոր է հանրապետությունում կտրուկ մեծացնել դրա արտադրական ծավալները` արտահանման նպատակով, օրինակ` Ռուսաստան: Սակայն մի շարք գործոններ խոչընդոտում են դրան, ընդ որում` դրանցից մեկը հողատարածքների հետ է կապված:

Ցավոք,  ի տարբերություն խորհրդային տարիների, վիճակագրությունը ոռոգվող տարածքների մասին տվյալներ չի հրապարակում, այդ պատճառով հնարավոր չէ հետեւել, թե ինչ հաջողությունների ենք հասել այդ ուղղությամբ բազմամիլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերի իրականացման արդյունքում:

Նշենք, որ կարտոֆիլի ցանքատարածությունների 47%-ը գտնվում է Գեղարքունիքի մարզում, թեեւ այդ տարածքում  կարտոֆիլի բերքատվությունը համեմատաբար ցածր է, ամեն դեպքում, կարտոֆիլի բերքը տվյալ մարզում կազմում է երկրի ամբողջ բերքի 46%-ը, այսինքն` գրեթե կեսն ապահովում է Գեղարքունիքն իր խիստ կլիմայով:

Բանջարեղեն աճեցնելու ամենաբարենպաստ պայմանները Արարատյան դաշտավայրում են: Այնտեղի երկու մարզերում` Արարատում եւ Արմավիրում, բանջարեղենի ցանքատարածությունները զբաղեցնում են ընդհանուրի 86%-ը, իսկ բերքը` 95%-ը: 

Ընդ որում` մայրաքաղաքին մոտ գտնվելու գործոնը եւս այս մարզերի դեպքում կարեւոր է: Տնային տնտեսությունների ծախսերն ուղղակիորեն կապված են եկամուտների հետ: Պաշտոնական տվյալներով` 2010թ. Արարատում եւ Արմավիրում սպառողական ծախսերը մեկ շնչի համար  միջինը կազմել են  համապատասխանաբար  25,2 եւ 26,1 հազար դրամ, իսկ ահա Գեղարքունիքում` 22,0 հազար դրամից էլ քիչ:

Բնակչության ծախսերի վրա շատ գործոններ են ազդում, որոնցից է քաղաքի եւ գյուղի բնակչության փոխհարաբերությունը, առեւտրային խոշոր ընկերությունների տեղաբաշխումը եւ այլն:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ