News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին Սեուլից պետական այցով մեկնել է Սինգապուր: Նրա այցի ծրագիրը մեկնարկել է այսօր` մարտի 28-ի առավոտյան, իսկ առաջին կանգառը եղել է Սինգապուրի բուսաբանական այգին: Այստեղ տեղի է ունեցել խոլորձի անվանակոչման արարողություն: Սա մի միջոցառում է, որ տեղի է ունենում ի պատիվ բարձրաստիճան հյուրերի ու գործիչների, պատճառն այն է, որ խոլորձը, ավելի ճիշտ դրա մի տեսակը` Վանդա Միսս Ջոակիմը, հանդիսանում է Սինգապուրի ազգային խորհրդանիշը:

Այս արարողակարգին ՀՀ նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ էլ ուներ: Բանն այն է, որ խոլորձի այդ տեսակը հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան): Եվ այս փաստն էլ հիմք է դարձել, որպեսզի ՀՀ նախագահը Պատվո հյուրերի գրքում արած գրառման մեջ նկատի. «Բնության այս հրաշքը` Վանդա Միսս Ջոակիմ խոլորձը, իր մեջ ամփոփում է նույնքան ներդաշնակություն եւ գեղեցկություն, որքան հատուկ է Սինգապուրին եւ նրա ժողովրդին: Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը: Չէ որ գեղեցիկի հանդեպ իր քնքուշ սիրով Ագնեսը հայերիս անունը առհավետ միահյուսեց Սինգապուրի ժողովրդի պատմությանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաեւ հայ-սինգապուրյան բարեկամության հարատեւության խորհրդանիշը լինի»:

Նշենք, որ Սինգապուրը հայտնի է խոլորձի իր անկրկնելի տեսակներով, որոնց ներհատուկ է գեղեցկությունը եւ բացառիկ բուրմունքը: Երկրում ավանդաբար շատ հայտնի են եղել ծաղկի ցուցահանդեսները եւ մրցույթները, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն էին բերում նաեւ հայ կանայք: «Վանդա Միսս Ջոակիմ» (Vanda Miss Joaquim) անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաեւ որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկը` պետական խորհրդանիշը: Հայտնի խոլորձն իր անվանումը ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է եղեգնուտում:

Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ եւ Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում: Նա ընտանիքի 11 երեխաներից ավագ դուստրն է եղել: Ագնեսի հայրը Սինգապուրում առեւտրային գործակալ եւ հայտնի բարերար է եղել, ունեցել է մեծ ունեցվածք եւ ներդրումներ, որը 1872թ. նրա հանկարծամահ լինելուց հետո, ժառանգել է իր ընտանիքը: Ագնեսի մայրը` Ուրելիան զբաղվել է այգեգործությամբ, իսկ մայրական գծով պապը` Իսաիյա Զաքարիան եղել է Սինգապուրի Առեւտրային պալատի առաջին անդամներից մեկը եւ հայ համայնքի ղեկավարը:

Սինգապուրի հայ համայնքի եռանդուն ներկայացուցիչ է եղել նաեւ Ագնեսը, որը, ինչպես իր մայրը, սիրել է այգեգործությունն ու ծաղկաբուծությունը: Նա ունեցել է բազմատեսակ խոլորձների այգի եւ իր ակտիվ մասնակցությունն է բերել ծաղիկների ամենամյա ցուցահանդեսներին` հավաքելով պարգեւների ազդեցիկ հավաքածու: 1893-1895թթ.` սինգապուրյան  ամենամյա երեք ցուցահանդեսներում նա արժանացել է 27 առաջին եւ 15 երկրորդ մրցանակների:

Սակայն, իրական հռչակը Ագնեսն վայելեց 1899թ., երբ նա ներկայացրեց  իր հանրահայտ խոլորձի տեսակը, որը 1981թ. ընտրեցին որպես Սինգապուրի ազգային ծաղիկ՝ ողջ Սինգապուրի խորհրդանիշ: Նույն 1899թ.` պարգեւատրումից երեք ամիս անց, Ագնեսը մահացավ քաղցկեղից: Այժմ նրա շիրմաքարը գտնվում է Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել