News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Սինգապուր կատարած պետական այցի ընթացքում երկրի ամենաբարձր պաշտոնայների կողմից բազմաթիվ ջերմ գնահատականներ են հնչել հայ ժողովրդի եւ հատկապես Սինգապուրի հայկական համայնքի հասցեին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամն, օրինակ, ուրախությամբ նշեց, որ Սինգապուրում առաջին թերթի տպագրել ու առաջին քրիստոնեական եկեղեցին կառուցել են հայերը, իսկ վարչապետ Լի Սան Լունը նշեց, որ առեւտրային հարաբերությունները երկրում դեռեւս 19-րդ դարում զարգացել են գլխավորապես հայ առեւտրականների ջանքերի շնորհիվ: Պարզվում է այս գնահատականները չափազանցված չեն ու թեեւ Սինգապուրում հայկական համայնքը միշտ էլ շատ փոքր է եղել, այնուամենայնիվ անցած 100-150 տարիների ընթացքում նրանք նկատելի հետք են թողել Սինգապուրի պատմության մեջ:

Նշենք, որ ՀՀ նախագահը պետական այցի ընթացքում հանդիպում կունենա նաեւ հայ համայնքի հետ, որը տեղի կունենա վաղը:

Հայերը Սինգապուրում սկսել են հաստատվել 18-րդ դարի վերջից: Հիմնականում ներգաղթել են Մալակկայից /Մալայզիա/, Հնդկաստանից, Նոր Ջուղայից: Ներգաղթի երկրորդ ալիքը Սինգապուր բերեց հայերի ոչ մեծ թվաքանակ` հիմնականում Պարսկաստանից եւ Կալկաթայից: Այնուհետեւ, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ ներգաղթի երրորդ հոսքը, հիմնականում Սպահանից:

Սինգապուրի հայերը ձեւավորել էին առանձին համայնք, ինչի շնորհիվ պաշտպանված էին զգում իրենց հասարակական-սոցիալական առումով: Հայերին անվանական ներառում էին վիճակագրական ցուցակներում:

Հայերն ակտիվ մասնակցում էին երկրի առեւտրա-արդյունաբերական կյանքի իրադարձություններին: 1820-ական թթ. սկզբին երկրում արդեն գործում էր երեք հայկական առեւտրական ընկերություն: Հայ առեւտրականներն ունեին իրենց սեփական ներկայացուցիչներին Սինգապուրի Առեւտրի Պալատում: Հայ հասարակությունը ընկալվում էր եվրոպական հասարակությանը հավասարազոր եւ ուներ հավասարազոր իրավունքներ, նշանակալի դեր խաղալով Սինգապուրի կյանքի բոլոր ասպարեզներում: Հայերի կարծիքը հաշվի էին առնում Առեւտրային Պալատում եւ այլ հասարակական հաստատություններում: Իրենց ապրելաձեւի, անգլերենի իմացության, քրիստոնեության շնորհիվ հայերը հրավիրվում էին աշխատանքի իրավաբանական, հետախուզական հաստա¬տություններում, իրենց մասնակցությունն էին բերում Սինգապուրի շրջանային կոմիտեների եւ օրենսդիր մարմինների աշխատանքներին: Մեծ քանակությամբ հայեր աշխատում էին ոսկերչության բնագավառում:

Սինգապուրում ծնված հայերը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին համարվում, միեւնույն ժամանակ Պարսկաստանում ծնված Սինգապուրում բնակվող շատ հայեր նույնպես օրենքի սահմաններում դառնում էին Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Հայ համայնքն իր կանոնավոր կապիտալից ներդրումներ էր կատարում բրիտանական ֆոնդերի մեջ:

1833թ. հայ համայնքին հողակտոր է հատկացվել Հիլ Ստրիթ Փողոցում, որտեղ էլ 1835թ. կառուցվել է Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Առաջին  քրիստոնեական եկեղեցին, որն իրավամբ դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքին, ճարտարապետ` Ջորջ Քոլման):

Սինգապուրի հայ համայնքը երբեք ստվար չի եղել. հայերի թիվը չի գերազանցել 100: Այնուհանդերձ, հայկական  եկեղեցին իր 150-ամյա պատմության ընթացքում հոգատարությամբ պահպանվել եւ խնամվել է: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կառուցված երկհարկանի շենքը ծառայել է որպես հայերի գլխավոր հավաքատեղի:

19-րդ դարի 30-40-ական թթ. հայերը մայրաքաղաքի կենտրոնում կառուցել են բազմաթիվ տներ, խանութներ, հիմնել խոշոր ընկերություններ, որոնք մասնաճյուղեր են ունեցել ուրիշ երկրներում: Հայերը մեծ հաջողությունների էին հասել սպասարկման ոլորտում, իրենց պատկանում էր 11 հյուրանոց, ներառյալ ամենամեծերը:

19-րդ դարի կեսին հիմնվել է  երկու տպարան`«Արփի» եւ «Մասիս»: 1845թ. Քէչիկ Մոզեսը հիմնել է առաջին, անգլալեզու թերթը «The Straits Times», որն այսօր ամենաազդեցիկն է երկրում:

Հայազգի ծաղկաբույծ Ագնես Հովակիմը հայտնաբերել է խոլորձի այն տեսակը, որն ընդունվել է որպես Սինգապուրի պետական խորհրդանիշը: Կղզում շատ հայտնի էին ծաղկի ցուցահանդեսները եւ մրցույթները, որոնց իրենց մասնակցությունն էին բերում կանայք: Հայ կանայք իրենց զգալի նեդրումն էին բերում այդ ցուցահանդեսներին եւ բավականին մրցունակ էին:

Ապրելով հեռու պատմական հայրենիքից, Սինգապուրի հայերը փորձում էին իրենց մասնակցությունը բերել Հայաստանի կյանքին: 1894թ դեկտեմբերին տեղացի հայերը հիմնեցին Հայաստանին Օգնության Կոմիտեն: Արձագանքելով 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանությանը` Սինգապուրի հայ համայնքը ի պատասխան Կաթողիկոսի` ողբերգական իրադարձությունների հետեւանքով անօթեւան մնացած հայրենակիցներին օգնելու կոչերին հիմնադրեցին Հայկական օգնության ֆոնդ: Սինգապուրի եւ Բանգկոկի հայերի կողմից հավաքվեց շուրջ 14.5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումար:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  ճապոնացիները գրավել են Սինգապուրը: Այդ տարիներին  օտարազգի  այլ բնակիչների հետ տուժել են եւ հայերը, նրանք վտարվել են իրենց տներից եւ արգելափակվել ճամբարներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ հայերի արտագաղթը Սինգապուրից, շատերը մեկնեցին այլ երկրներ: Պատերազմից հետո ողջ մնացած հայերը վերադարձել են Սինգապուր, սակայն  չեն կարողացել  վերականգնել իրենց նախկին  բարվոք  վիճակը: Համայնքն այնքան թույլ էր, որ նույնիսկ եկեղեցին դադարել էր գործել:

Միայն 1996թ.` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի Սինգապուր կատարած այցի ժամանակ եկեղեցին վերաբացվել էր: Ներկայումս Սինգապուրում բնակվում է երեքից չորս տասնյակ հայեր: 

2011թ. մարտի 27-ին Սինգապուրի հայ համայնքը նշեց իր 175-ամյակը: Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին 14 երկրներից ժամանած շուրջ 160 հայեր: Տոնական ժամերգությունը կատարեց այս առիթով ժամանած հայ արքեպիսկոպոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ