News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մարտի 29-ին տեղի կունանա «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանի դատն ընդդեմ ՀՀ Ոստիկանության տնտեսական վարչության: Դատավորը Գայանե Կարախանյանն է:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին ներկայացնում են գործի նախապատմությունը:

«Ոստիկանության Տնտեսական վարչությունը 2011թ. դեկտեմբերի 30-ին պաշտոնական նամակով ծանուցել է, որ «ՇՀԱՊՁԲ-11/4» ծածկագրով մրցույթի հանձնաժողովի կողմից 2011թ. դեկտեմբերի 20-ին անցկացված մրցույթի արդյունքների ամփոփման նիստում ընդունված որոշմամբ 130 չափաբաժնով մրցույթի հաղթող է ճանաչվել  «Սզնի» ՍՊԸ-ն, որը վաստակել է 1,272 մլն դրամի ծառայությունների կատարման իրավունք: Հաջորդ աշխատանքային օրը՝ 09.01.2012թ. սահմանված ժամկետներում «Սզնի» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացել է ՀՀ Ոստիկանություն` պայմանագիր կնքելու, սակայն նրան մերժել են անհիմն պատճառաբանությամբ, որից հետո Գառնիկ Սահակյանը դիմել է դատարան: «Սզնի» ՍՊԸ-ի գնային առաջարկը եղել է 318 դրամ, սակայն պայմանագիր է կնքվել «Նյու Ինտերնեյշնլ Բիզնես Ֆարմ» ՍՊԸ-ի հետ 900 դրամով, տվյալ պահին պետությանը պատճառելով 2,328 մլն դրամ գումարի վնաս: Տարօրինակ չէ, որ երբ «Ժառանգությունը» պահանջում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները` իշխանությունները հայտարարում են, որ պետբյուջեում փող չկա: Բյուջեում փող իրականում կա, պարզապես գործող իշխանությունը այն որպես կանոն նախատեսում է հիմնականում լվացման եւ սեփական հովանավորյալների գրպանը մտցնելու համար:

Հիշեցնենք, որ Գառնիկ Սահակյանը, լինելով «Սզնի» ՍՊԸ սեփականատեր` փոքր բիզնեսի այն եզակի ներկայացուցիչներից է, ով անհավասար պայքարի է բռնվել ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերության մենաշնորհի եւ վերջինի կողմից` դեղերի ներկրման եւ իրացման ոլորտում փոքր ու միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ապօրինի գործողությունների դեմ: Այդ պայքարում Գառնիկ Սահակյանը` «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության աջակցությամբ հասել է շոշափելի հաջողությունների: Այսպես, խնդրի վրա հրավիրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը, որը «Նատալի Ֆարմի» դեմ վարույթ է սկսել, որը, սակայն անհասկանալի պատճառներով, անորոշ ժամանակով կասեցվել է այս տարվա մարտի կեսերին: Նա նաեւ շահել է մի շարք դատական հայցեր ընդդեմ այն բուժհաստատությունների, ովքեր ապօրինաբար մերժել են կամ խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծել իր ձեռնարկատիրական գործունեության համար` հօգուտ «Նատալի Ֆարմի» եւ ոլորտի այլ արհեստական մենաշնորհների: Մասնավորապես,մարտի 22-ին Լոռիի մարզի ընդանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարեց Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի դեմ նրա հայցը»:

Տպել
Ամենաշատ