News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ականավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն այսօր`  մարտի 28-ին 92 տարեկան հասակում մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականից:

Նշենք, որ Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920թ Երեւանում:1941թ ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի ստեղծագործական եւ դաշնամուրի բաժինները, 1946-48 թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում: 1954–91թթ եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար: 1970–2008թթ դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում (1977 թ-ից՝ պրոֆեսոր):

Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն եւ քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար եւ Դաշնամուրի կոնցերտը: 1940–50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը եւ գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի եւ նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը եւ այլն:

Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է: Հայտնի է նաեւ նրա «Հայաստան 88» ստեղծագործությունը:

Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի եւ կինոյի («Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956 թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958 թ.), «Նահապետ» (1977 թ.) ֆիլմերի համար:

Հարությունյանն արժանացել է բազմաթիվ մեդալների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ