News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր` մարտի 28-ին, հաստատել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ) 1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար:NEWS.am-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ  ծրագիրը կնպաստի էներգիայի սպառման կրճատմանը սոցիալական եւ այլ հանրային հաստատություններում, մասնավորապես` դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում եւ փողոցների լուսավորության ոլորտում էներգախնայողության մեջ ներդրումներին, կնվազեցնի էներգիայի սպառումը արդիականացված հանրային ու սոցիալական հաստատություններում եւ կկրճատի CO2 արտանետումները:

Ըստ Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած էներգախնայողության հետազոտության (2008թ.) հաշվարկների` հանրային հատվածում հնարավոր է խնայել շուրջ 132 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլար), որը համարժեք է տարեկան 130 միլիոն կվտ/ժ էներգիայի եւ կազմում է ամբողջ ծախսված էներգիայի 35%-ը: Ութ հանրային հաստատություններում անցկացված էներգիայի աուդիտները, ինչպես նաեւ Համաշխարհայն բանկի աջակցությամբ իրականացված Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում տասնմեկ դպրոցներում կատարված էներգախնայողության մեջ ներդրումները ցույց են տալիս, որ միջին չափսի հաստատությունը կարող է տարեկան խնայել մոտ 150.000 կվտ/ժ էներգիա` միջին հաշվով 70.000 ԱՄՆ դոլար ներդնելու դեպքում (ծախսերի փոխհատուցման ժամկետը` 3 - 8 տարի):   

Ծրագրի իրականացման համար Հայաստանի կառավարությունը կհատկացնի 8,3 միլիոն ԱՄՆ դոլար, կտրամադրվի 1,82 միլիոն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ եւ 0,54 միլիոն ԱՄՆ դոլար համաֆինանսավում Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամից (ՎԷԷՀ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ