News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կայանալիք խորհրդարանական ընտրությունների որակը կարեւոր է հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի համար: Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

«Ընտրությունները կարեւոր են նաեւ ԱՄՆ եւ արեւմտյան երկրների հետ Հայաստանի երկկողմանի հարաբերությունների համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հետեւել հայաստանյան ընտրությունների ընթացքին»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ ընտրություննների դիտարկումը թույլ կտա համոզվել, որ նախընտրական գործընթացներում օգնությունը ցուցաբերվել է  ճիշտ ուղղությամբ:

Ջոն Հեֆերնը խոսել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների մասին` նշելով, որ գրանցված են եղել բավականին ուժեղ թեկնածուներ: «Քաղաքական մրցակցությունն անհրաժեշտ պայման է ժողովրդավարության համար»,- ընդգծել է դեսպանը` նշելով նոր ընտրական օրենքի դրական ազդեցության մասին: Որպես դրական օրինակ դեսպանը բերել է ընտրություններից 40 օր առաջ հրապարակված ընտրացուցակներն օգտագործելու ընդդիմադիր թեկնածուների հնարավորությունը:

«Մենք նաեւ տեսել ենք, թե ինչպես քաղաքական կուսակցությունները եւ լրագրողները, ովքեր արդեն իրավունք ունեն տեսախցիկներով մուտք գործել ընտրատեղամաս, օգտագործոցին դրանք ընտրության եւ ձայների հաշվարկի ընթացքում»,- նշել է Հեֆերնը:

Սակայն, ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ոչ միայն ընտրությունների օրը պետք է հարթ անցնի, այլեւ ամբողջ նախընտրական գործընթացը:

«Նախընտրական պայքարի ընթացքում շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունների համար ստեղծվեն հավասար խաղի կանոններ` ներառյալ լրատվամիջոցների մատչելիություն: Պետք է բացառվի նաեւ վարչական լծակների չարաշահումը եւ կանխվի ընտրակաշառքի բաժանումը: Իշխանությունները եւ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել ընտրական գործընթացի խախտումների հետ կապված բոլոր ահազանգերին»,- ասել է նա:

Սակայն  ընտրողները եւս պարտականություններ ունեն, նրանք պետք է պատկան մարմիններին տեղյակ պահեն այս կամ այն խախտումների մասին եւ հետեւեն նրանց հետագա գործողություններին:

 «Ուրախ ենք տեսնել, որ մի շարք կազմակերպություններ, պետական եւ օրենսդիր կառույցներ աշխատում են իրազեկել հասարակությանը եւ ձեւավորել հավատի մթնոլորտ առաջիկա ընտրությունների նկատմամբ: Եզրափակելով  կոչ եմ անում  իշխանություններին, ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը եւ լրագրողներին ջանք չխնայել ազատ, արդար եւ արժանահավատ ընտրություններ ապահովելու համար: ԱՄՆ-ի դեսպանատունն իր հերթին խոստանում է անել հնարավորը»,- նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ