News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի երթեւեկության կանոնակարգման ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով իրականացվող նոր ավտոճանապարհների կառուցման շինհրապարակներ եւ տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի աշխատանքային շրջայցի առաջին կանգառը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր: Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Ուլնեցիի փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի կառուցման ընթացքին: «Երեւաննախագիծ» ինսիտուտի տնօրենն ու ճանապարհաշինարարը քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի եւ հաստատված նախագծի վրա ցույց են տվել, թե այդ պահին որ հատվածում են ընթանում հիմնական աշխատանքները:  Զեկուցվել է նաեւ, որ հիմնական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաեւ ավտոճանապարհի որոշակի այլ հատվածներում: Այս համատեքստում Տարոն Մարգարյանին է ներկայացվել կառուցվող ավտոճանապարհի մասնավորապես այն հատվածը, որտեղ իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Ճանապարհաշինարարը քաղաքապետին վստահեցրել է, որ ավտոճանապարհի մի հատվածը երթեւեկելի կլինի մինչեւ սեպտեմբեր: Ի դեպ, շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է «Ալմաստ» գործարանին հարակից նախկինում երկաթուղային  փոխադրումների համար նախատեսված կամուրջը եւս ներառել տրանսպորտային հանգույցում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանապարհաշինական մյուս ծրագիրը Ծարավ Աղբյուրի փողոցում է իրականացվում: Այս ավտոճանապարհի կառուցմամբ ոչ միայն շոշափելիորեն կբեռնաթափվեն վարչական շրջանի կենտրոնական փողոցները, այլեւ Քանաքեռ-Զեյթունը կարճ ճանապարհով կմիանա Ավան վարչական շրջանին: Քանաքեռ-Զեյթունի ճանապարհաշինական ծրագրերին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետեւելով սահմանված ժամանակացույցի պահպանմանը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ եւ հետեւել ընթացող աշխատանքներին: Արագընթաց օղակաձեւ մայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանին հարակից` անցումային տարածքով: Համաձայն նախագծի, երկու ուղղություններով 2-ական երթեւեկաշերտով ավտոմայրուղու երկարությունը կկազմի 2.6 կմ: Քաղաքապետին զեկուցվել է նաեւ, որ շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք մի կողմից կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից Լենինգրադյան փողոցին: Ավտոմայրուղին կլինի արագընթաց եւ լուսացույցներ չի ունենա, ինչն ըստ էության կբացառի հավանական խցանումները, բացի այդ նաեւ զգալիորեն կբեռնաթափի ավտոմայրուղուն հարակից փողոցների տրանսպորտային հոսքերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես ավտոմայրուղուն զուգահեռ նախատեսվող ջրատարի եւ հեղեղատարի կառուցմանը, բացի այդ նաեւ արտաքին լուսավորության, ինչպես նաեւ կապի հաղորդակցուղիների ստորգետնյա եղանակով կառուցմանը: Շինաշխատանքների ավարտից հետո կմեկնարկեն մայթերի ու հարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման` ծաղկային լուծումներով եւ սիզամարգերով ձեւավորման, աշխատանքները:

Ընթացիկ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գոհացրել են քաղաքապետին:

«Շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքներն ընթանում են նախանշված  ժամանակացույցի համաձայն, ինչը գոհացուցիչ է: Սակայն հույս ունենք, որ որոշ աշխատանքներ կավարտենք նախատաեսվածից ավելի շուտ, ինչը կնպաստի մայրաքաղաքի երթեւեկությունը օր առաջ բեռնաթափելուն: Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի հիմնական աշխատանքները կավարտվեն արդեն այս տարվա սեպտեմբերին, իսկ Իսակով-Լենինգրադյանում աշխատանքների վերջնաժամկետը սահմանված է 2013 թվականի գարնանը»,-նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ «Երեւաննախագիծ» ինսիտուտի մասնագետների հետ քննարկվում են առաջիկա տարիներին նախատեսվող ճանապարհաշինական այլ ծրագրեր:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաեւ Հալաբյան-Աբելյան փողոցները կապող հատվածում կատարվող աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ