News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Նեղոց համայնքում խնդիրները շատ են, արտագաղթողները` եւս. գյուղում կա 90 տնտեսություն` 302 բնակչով,  որի մեջ մտնում են երկարատեւ բացակայողները եւ ժամանակավոր ներկաները:

Նեղոցի գյուղապետարանի աշխատակից Լիլիթ Աթանեսյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գյուղից արտագաղթողների թիվը մեծ է, վերջին 10 տարիներին Նեղոցից երկարատեւ բացակայում է 40 անձ` 12 տղամարդ եւ 28 կին:

Գյուղացիները հիմնականում զբաղված են տնամերձ հողամասերը մշակելով, ցանում են սոխ, կարտոֆիլ, լոբի, ինչպես նաեւ զբաղվում են ազնվամորու մշակմամբ: «Բերքն էլ գալիս գյուղից հավաքում տանում են համապատասխան կազմակերպությունների շրջիկ մեքենաները ներկայացուցիչները: Գուղում լավ բերք է տալիս նա թզենին, թթենին, վերջինից հիմնականում օղի են թորում, իսկ սեզոնին հիմնականում օգտվում են անտառի տված բարիքներից»,- ասաց Լիլիթ Աթանեսյանը:

Նեղոցը գազաֆիկացված չէ, աշխատակցի փոխանցմամբ, «ՀայՌուսգազարդը» եկել ուսումնասիրություն է կատարել գյուղում ու պարզել, որ այնքան թվով սպառողներ չկան, որ գազաֆիկացման ծախսերն արդարացնեն:

Գյուղում միայն վերջերս է կառուցվել համայնքային կենտրոն, որտեղ գտնվում է թե հանդիսությունների սրահը, թե բուժկետը, թե գրադարանը: Նեղոց համայնքում լուրջ խնդիր է նաեւ մանկապարտեզի շենքի բացակայությունը: 33 երեխա ունեցող մանկապարտեզը գործում է հարեւան Ախթալա համայնքում: «Ով կարողանում է, իր մեքենայով երեխային տեղափոխում է այնտեղ, մնացածն էլ չեն հաճախում»,-նշեց Լիլիթ Աթանեսյանը:

Լուրջ է դրված նաեւ զբաղվածության հարցը: «Չկան ձեռնարկություններ, չկա աշխատատեղ, հիմնականոմ աշխատում են Ախթալայի ԼՀԿ-ում, այն էլ շատ ցածր աշխատավարձով, ոչ ոք ապահովված չէ աշխատատեղով»,-ասաց նա, հավելելով, որ եթե այսպես շարունակվի, գյուղը կդատարկվի: «Գյուղը ընդլայնվելու տարածք չունի, ու եթե մեկ երկու երեխա ավելի է ծնվում, մտածում են կողքի համայնքում տուն գնելու մասին, գյուղը տարածվելու տեղ չունի»,-ասաց նա:

Լիլիթ Աթանեսյանի  խոսքով, գյուղը չի օգտվում կառավարության կողմից իրականացվող ոչ մի ծրարից:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ