News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմզ Սքվերում հազարավոր մարդիկ կհավաքվեն, որպեսզի հարգեն Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը եւ դատապարտեն Օսմանյան կայսրության եւ նացիստական Գերմանիայի օրոք տեղի ունեցած հանցագործությունները: Մարտի 25-ին 4 ծեր կանայք, որոնք իրենց աչքերով տեսել են  հայոց ողբերգությունը,  կատարվածի մասին պատմել էին Նյու Յորքի Հայկական տան հանդիպմանը, հաղորդում է Queens Gazette-ը:

«Ամեն տարի ցեղասպանություն տեսածների թիվը նվազում է»,- նշել է Դենիս Փափազյանը` Միչիգանյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիրը եւ տնօրենը:

102-ամյա Փիրուզ Քալուսդանյանը, որը ծնվել է Խարբերդում 1909 թվականին, 7-ամյա հասակում ականատես է դարձել իր հարազատների մահվանը: Թուրք զինվորները տարել են 15-ից բարձր բոլոր տղամարդկանց,  երկու-երկու կապել եւ Եփրատ գետն են գցել: Երբ նա հարցրել է մորը, թե ինչ են անում, մայրը լալով պատասխանել է, որ նրանք չեն վերադառնա: Ավելի ուշ նա մոր հետ բռնի կերպով տարվել է ունեւոր մեկի տանը սպասուհի աշխատելու, եւ 5 տարի անց նրանք փախել են Հալեպ, որտեղ ապրել են եւս 3 տարի, մինչեւ Ամերիկա գնալը, որտեղ նրանց սպասել է հայրը:

Արշալույս Դադիրը, որը 100 տարեկան է, հիշում է, որ իր 25-ամյա  հայրն սպանվել է երիտթուրքերի կողմից: Նրա հորեղբայրը բժիշկ է եղել, եւ եղել է 1915 թվականի ապրիլի 24-ին մտավորականության սպանված 300 ներկայացուցիչներից մեկը: 

101-ամյա Ազնիվ Կիրակոսյանն արցունքն աչքերին հիշում է, թե ինչպես են թուրքերն սպանել իր ամբողջ ընտանիքը: Ազնիվ Կիրակոսյանը ծնվել է 1910 թվականին Ուրֆայում: Նրա ամբողջ ընտանիքը ոչնչացվել է, եւ նրան 6 տարեկանում հանձնել են մանկատուն:

Շարլոտա Քեչեջյանը, որը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերին Նիհդայում, հիշում է թե ինչպես է մոր հետ գնացել անապատով:

Միայն թուրքական մեկ կառավարություն է ճանաչել հայկական բնակչության ջարդերը եւ մտադրվել էր այն իրագործողներին պատասխանատվության ենթարկել. Դա Դամադ Ֆերիդ փաշայի կառավարությունն էր, որն իշխանության է եկել Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքերի պարտությունից հետո: Մյուսները շարունակել են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: 

«Տարիներն անցնում են , սակայն արդարությունը դեռեւս չի հաղթել», – ավելացրել է Արշալույս Դադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ